Չինաստանը խոստանում է օգնել եվրագոտու վարկային ճգնաժամի հաղթահարման հարցում

Չինաստանը եվրոպական երկրներին խոստացել է օգնել հաղթահարել եվրագոտու վարկային ճգնաժամը: Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն այս մասին հայտարարել է Պեկինում ԵՄ-Չինաստան համաժողովի ընթացքում:

Ցզյաբաոն, մասնավորապես, ասել է, որ Չինաստանը պատրաստ է «մեծացնել իր ներգրավվածությունը» Եվրամիությունում տիրող ճգնաժամային իրավիճակը կայունացնելու գործում, սակայն այլ մանրամասներ չի հրապարակել:

Չինաստանը արտարժույթով խոշորագույն ռեզերվների է տիրապետում, եւ ԵՄ առաջնորդները մի շարք առիթներով ցանկություն են հայտնել օգտվել այդ գումարներից` Եվրամիության 500 միլիարդ եվրո կապիտալով հակաճգնաժամային ֆոնդը հզորացնելու համար:

ԵՄ-Չինաստան համաժողովի նախաշեմին Moody's գործակալությունը նվազեցրել է 6 եվրոպական երկրների պետական պարտքի սպասարկման վարկանիշները` մատնանշելով Եվրոպայում շարունակվող վարկային ճգնաժամի արդյունքում հնարավոր ռիսկերը:

Պեկինում Վեն Ցզյաբաոյի հետ համատեղ ասուլիսում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը ասել է, որ «Չինաստանը ինքը պետք է որոշում կայացնի եվրագոտու կայունության գործում ներդրում կատարելու խնդրի շուրջ»: