Երեւանում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում: 31-ը հունվարի, 2012թ.

Երեկվանից Հայաստանում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխղեկավար Նիկոլա Շմիդտը եւ ընտրությունների հարցերով խորհրդատու Ռաուլ Մուրեշանը:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) պատվիրակները այսօր խորհրդարանում հանդիպումներ են ունեցել իշխող կոալիցան ներկայացնող` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» խմբակցությունների, ինչպես նաեւ Դաշնակցության անդամ պատգամավորների հետ:

Ազգային ժողովի տարածած հաղորդագրության համաձայն, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ հանրությանը հուզող բազմաթիվ խնդրահարույց հարցեր Ընտրական օրենսգրքի լրամշակմամբ լուծում են ստացել:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը եվրոպացի հյուրերի հետ հանդիպմանը, մասնավորապես, նշել է, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար դիտորդները նախընտրելի է, որ մեկ շաբաթ առաջ լինեն Հայաստանում եւ մեկ ամբողջ օր անցկացնեն ընտրական տեղամասում:

Հիշեցնենք, Շմիդտը եւ Մուրեշանը երեկ հանդիպումներ են ունեցել Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ:

Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում ունեցած ունեցած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց այցելության նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ իրենց կազմակերպության դիտորդական առաքելության անհրաժեշտության ու նպատակահարմարության մասին ԵԱՀԿ-ի ղեկավարությանը զեկուցելն է:

Նշենք, որ պաշտոնական Երեւանի համապատասխան հրավերից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշում է կայացնելու դիտորդական առաքելության կազմի եւ ժամկետների մասին:

ՀԱԿ-ից ստացված հաղորդագրության համաձայն, դրական գնահատելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների մասնագիտական պատրաստվածությունը, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «հաստատել է Հայ Ազգային Կոնգրեսի ցանկությունը ընտրություններին հնարավորինս մեծ դիտորդական առաքելության ժամանման հարցում»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան, հիշեցնենք, մի քանի օր առաջ մամլո ասուլիսի ժամանակ ոչ իրատեսական էր համարել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` ամեն ընտրատեղամասում առնվազն մեկ միջազգային դիտորդ ապահովելու առաջարկը:

Շմիդտի եւ Մուրեշանի հետ հանդիպմանը մասնակցած` ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց. - «Չնայած Հայաստանի իշխանությունները դեռեւս չեն հրավիրել դիտորդական առաքելության, այնուամենայնիվ, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը նպատակահարմար է գտել ուղարկել առաքելություն Հայաստան, որը կզբաղի ընտրությունների դիտորդական առաքելության նախապատրաստման աշխատանքներով: Հենց այդ աշխատանքի արդյունքները իրենք պետք է զեկուցեն իրենց ղեկավարներին, որոնք որոշում կկայացնեն, թե որքան դիտորդ են համարում նպատակահարմար ուղարկել... Մենք կարծում ենք, որ բավական մեծ առաքելությունը բխում է Հայաստանի շահերից, նաեւ` միջազգային հանրության, որը կարեւորություն է տալիս առաջիկա ընտրություններին: Նաեւ իշխանության ներկայացուցիչներն են ասել, որ կցանկանային, որ մեծ դիտորդական առաքելություն լինի: Դե եթե ասել են, թող պատրաստակամության հայտնեն ընդունել նման առաքելություն»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը իրենք մասնավորապես մատնացույց են արել Ընտրական օրենսգրքում կատարված մի շարք փոփոխությունների անցանկալիությունը:

«Որովհետեւ դրա արդյունքում ընդդիմադիր քաղաքական ուժերը, եւ մասնավորապես, «Ժառանգություն»-ը, զրկվել են ընտրությունների նախապատրաստման ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացվող որոշումներին մասնակցություն ունենալու հնարավորությունից, որովհետեւ հանձնաժողովների կազմի հետ կապված տխրահռչակ փոփոխությունները, ցավոք սրտի, բերեցին այդ արդյունքին», - ասաց նա:

ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այսօր երեկոյան մեկնելու են Հայաստանից:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Նիկոլա Շմիդտը եւ Ռաուլ Լուչիան Մուրեշանը իրենց այցելության արդյունքները կամփոփեն մոտ երկու շաբաթից հրապարակվելիք տեղեկատվության մեջ:

Your browser doesn’t support HTML5

Երեւանում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները