Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն արդար ընտրությունների անցկացմանը նպաստող ծրագիր կիրականացնեն


ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրա (Ձ) եւ Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեա
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրա (Ձ) եւ Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեա
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն առաջիկա ընտրությունների դիտարկման լիարժեք առաքելություն է իրականացնելու:

Սակայն Հոֆստրան ոչ իրատեսական համարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` ամեն ընտրատեղամասում առնվազն մեկ միջազգային դիտորդ կամ ապահովելու առաջարկը:

«Գրեթե վստահաբար կարող եմ ասել, որ երկու հազար միջազգային դիտորդ չի լինելու: Քանակը մոտ կլինի նախկինում այցելած դիտորդների թվին` այսինքն մի քանի հարյուր, որը թեեւ չի բավականացնի ողջ օրը ամեն տեղամասում ներկայություն ապահովելու համար, բայց ավելի քան բավարար է ունենալու պատշաճ տեղեկատվություն ընտրությունների անցկացման վերաբերյալ ճիշտ գնահատականը տալու համար», - ասաց Հոֆստրան:

Կարել Հոֆստրայի փոխանցմամբ, երկու շաբաթից Հայաստան կայցելի նախընտրական վիճակը գնահատող դիտորդների խումբը, եւ այդ այցից հետո միայն պարզ կլինի մայիսին կայանալիք ընտրություններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության ստույգ կազմը: Իսկ այսօր լրագրողներին ներկայացվեց Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի համատեղ ծրագիրը, որն ուղղված է 2012 եւ 2013 թվականներին Հայաստանում ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը նպաստելուն: Ծրագրի արժեքը 1 միլիոն 700 հազար եվրո է: Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի խոսքով, ողջունելի են Հայաստանի իշխանությունների, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի վստահեցումներն ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

«Հայաստանի եւ Եվրամիության օրակարգում համաձայնեցված բարեփոխումների հաջող իրականացման առաջին փորձությունը, փորձաքարը հենց ընտրություններն են լինելու: Եվ հենց դրանցով է առաջին անգամ դրսեւորվելու «ավելին ավելիի» դիմաց հայտնի սկզբունքը, որը ձեւավորվեց Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ Վարշավայում», - ասաց Հրիսթեան:

1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը կիրականացվի 6 ուղություններով` քաղաքացիական հասարակության հմտությունների ամրապնդում, որի շրջանակում կվերապատրաստվեն տեղական դիտորդները, աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին, մասնավորապես վեց մարզերում կստեղծվեն օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցչություններ, իսկ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ օմբուդսմենի գրասենյակում կսկսի գործել արագ արձագանքման խումբ` հատուկ ընտրախախտումներն արձանագրելու համար։ Տեխնիկական սարքավորումներ կտրամադրվեն ընտրական հանձնաժողովներին, ինչպես նաեւ ստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը:

«Կլինեն ընտրացուցակները 100 տոկոսով կատարյալ թե` ոչ, ես հույս ունեմ, որ կլինեն: Բայց իհարկե միշտ էլ կլինեն դեպքեր, երբ ընտրողները ցուցակում իրենց անունները չեն գտնի, կամ շատ պոտենցիալ ընտրողներ, ովքեր կլինեն ցուցակում, բայց երկրից կբացակայեն: Եվ պարտադիր չէ, որ դա ոստիկանության մեղքով լինի», - ասաց Հոֆստրան:

Ոստիկանությանը աջակցություն կցուցաբերվի նաեւ հասարակական կարգի պահպանման հարցերում ուսուցումներ կազմակերպելու համար: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը միեւնույն ժամանակ ընդգծեց, որ վերջին 2 տարվա ընթացքում զանգվածային միջոցառումների` երթերի, հանրահավաքների անցկացումը բավականին լավ մակարդակի է եղել: Ծրագրի շրջանակում օժանդակություն կտրամադրվի նաեւ տեղական կազմակերպություններին, որոնք ընտրությունների լուսաբանման մոնիթորինգ կիրականացնեն:

«Փորձը ցույց է տալիս, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ կուսակցությունների եւ թեկնածուների գործունեության լուսաբանումը լրատվամիջոցներով ոչ միշտ է եղել անկողմնակալ: Մտադիր ենք սկսել դիտարկումները փետրվարի մեկից, քանի որ լուսաբանումը արդեն սկսված է եւ չի սահմանափակվում միայն պաշտոնական քարոզարշավով», - ասաց Հոֆստրան:

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ խորհրդարանական ընդդիմության` Դաշնակցության եւ «Ժառանգության»` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը:

«Քննարկումներին տեղյակ ենք, այդ թվում եւ ընդդիմության տեսակետին: Եվրոպայում էլ ժամանակ առ ժամանակ այս թեման բացվում է, բայց ոչ նույն սրությամբ, թեժությամբ, ինչ Հայաստանում: Իրականում երկու համակարգերով էլ, կամ դրանց որոշակի համադրությամբ էլ հնարավոր է անցկացնել կատարյալ ընտրություններ», - ասաց Հոֆստրան:

please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG