Ծառուկյանի մերձավորը համարվող անձը կալանավորվել է

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին, որ «Բանգլադեշցի Համո» մականունով հայտնի Աշոտ Ավետիսյանը կալանավորված է:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը, եւ Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով. մեղադրանքը հաստատվելու դեպքում Ավետիսյանին սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում:

Աշոտ Ավետիսյանը, ում լրատվամիջոցները համարում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավորներից, ձերբակալվել էր հունվարի 18-ի կեսգիշերին` Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ըստ ոստիկանության տեղեկատվության, նա դաժան ծեծի է ենթարկել մի տաքսիստի, ում վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան այդ խաչմերուկում բախվել է «BMW X-6» մակնիշի իր մեքենային: Աշոտ Ավետիսյանը իջել է մեքենայից եւ, հայհոյանքներ հասցնելով, այնպես է ծեծել տաքսիստին, որ վերջինս մարմնական վնասվածքներով, արյունլվա տեղափոխվել է հիվանդանոց:

Սա «Բանգլադեշցի Համո» անվամբ հայտնի անձի հետ կապված առաջին նմանատիպ միջադեպը չէ: 2005-ի փետրվարին նա մասնակցել էր «Տէցի կռուգ» կոչվող վայրում տեղի ունեցած փոխհրաձգությանը, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել էր, երկուսը` վիրավորվել: Աշոտ Ավետիսյանը այդ ժամանակ դատապարտվեց 1.5 տարի պայմանական ազատազրկման եւ դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Լրագրողական շրջանակներում այս անձը հայտնի է լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, նկարահանումների ժամանակ տեսախցիկներն ու լուսանկարչական ապարատները խլելով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հենց հիմա` ՀՀԿ-ԲՀԿ խմորումների ֆոնին Աշոտ Ավետիսյանի ձերբակալությունը, հրապարակայնորեն հեռուստատեսությամբ այդ մասին ռեպորտաժներ ցուցադրելը արդյո՞ք քաղաքական դրդապատճառներ չունի, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը պատասխանեց. - «Չի կարող նման բան լինել, գոյություն ունի ծանր մարմնական վնասվածք, որ իր կողմից հասցվել է, որի պատճառով Ավետիսյանին ձերբակալել եւ կալանավորել են: Ինքը քաղաքականության մեջ այդքան աչքի ընկած չէ, սպորտսմեն տղա է, բոլորը գիտեն, նորմալ սպորտսմեն է, բայց քաղաքականության մեջ ես իրեն չեմ տեսել, եւ նման դրդապատճառ լինել չի կարող»:

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հերքեց ԲՀԿ-ի հետ այդ անձի ունեցած կապը` միաժամանակ դժվարանալով հստակ որեւէ բան ասել նրա եւ Ծառուկյանի կապերի մասին:

«Աշոտ Ավետիսյանը ԲՀԿ անդամ չէ, հերքում եմ նաեւ մամուլում շրջանառվող լուրերը, թե նա պարոն Ծառուկյանի թիկնազորից է: Իսկ թե ինչ անձնական կապեր ունի պարոն Ծառուկյանի հետ` այդ մասին ես ոչինչ ասել չեմ կարող», - ասաց Գալստյանը:

Որոշ վերլուծաբաններ անմիջական կապ են տեսնում այս անձի ազատազրկման եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնական թեկնածուներ առաջադրելու` ԲՀԿ-ի ծրագրերի միջեւ: Խաչիկ Գալստյանը հաստատեց, որ Գագիկ Ծառուկյանը «ընտրությունների նախապատրաստման մի քանի հանձնարարականներ է իջեցրել կուսակցականներին, այդ թվում մեծամասնական տարածքային 41 պատասխանատուներին հանձնարարել է յուրաքանչյուր ընտրատարածքից ներկայացնել 2-3 թեկնածություններ, որոնցից կուսակցությունը կընտրի մեծամասնական ընտրակարգով առաջադրվողներին»: Գալստյանը հրաժարվեց մեկնաբանել այն տեսակետները, թե իշխող Հանրապետականին թերեւս վրդովեցրել է այս հանգամանքը, եւ կարճատեւ դադարից հետո վերսկսվել են ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները` Գագիկ Ծառուկյանին թուլացնելու նպատակով: Հիշեցնենք` աշնանն էլ թմրանյութերի շրջանառության հետ կապված մեղադրանքներով ԲՀԿ-ի հետ առնչվող մի քանի անձինք ձերբակալվեցին:

«Մենք այդ փաստերը բոլորը ուսումնասիրում ենք, նայում ենք, գործընթացը գտնվում է մեր վերահսկողության տակ ընդհանուր առմամբ, իսկ թե ինչպիսի եզրակացություններ կանենք այդ փաստերի համադրումից` կերեւա առաջիկայում», - ասաց Ծառուկյանի խոսնակը:

Խաչիկ Գալստյանը հաստատեց, որ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը այս օրերին բացակայում է Հայաստանից:

Your browser doesn’t support HTML5

Ծառուկյանի մերձավորը համարվող անձը կալանավորվել է