Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է ԲՀԿ-ի Ջերմուկի կառույցի ղեկավարը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, ամբիոնի մոտ է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, 12-ը փետրվարի, 2011թ.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, ամբիոնի մոտ է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, 12-ը փետրվարի, 2011թ.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է թմրանյութեր պահելու կասկածանքով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեցին Ոստիկանությունից, 1965 թվականին ծնված Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է երեքշաբթի օրը` Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում` խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Ոստիկանության տվյալներով` Արմեն Հովհաննիսյանը իր անձնական օգտագործման մեքենայով նոյեմբերի 28-ին բերման է ենթարկվել Վայոց Ձորի մարզի Կեչուտի ջրամբարի տարածքից` թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով: Նրա մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել է 7.5 գրամ, իսկ ավտոմեքենայի սրահից՝ 5.1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ անցած օրերին կալանավորվել են նաեւ ԲՀԿ-ի հետ առնչություն ունեցող եւս երկու անձինք` կրկին թմրանյութերի գործով:

Արձագանքելով ԲՀԿ-ի Ջերմուկի տարաքածային կառույցի ղեկավարի ձերբակալությանը` կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները նկատելի են դարձել։

«Նման երեւույթներ նկատելի են կոնկրետ ձերբակալությունների մասով, մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, սակայն վերջնական գնահատականներ դրանց նկատմամբ կտանք ավելի ուշ», - ասաց Գալստյանը։

«Արդյո՞ք այդ ճնշումների շրջանակում եք դիտարկում ԲՀԿ-ի Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալությունը», - այս հարցին կուսակցության ղեկավարի խոսնակը արձագանքեց. - «Մենք ունենք այս պահի դրությամբ նման մի քանի փաստեր, բայց դրանց վերջնական գնահատականը մենք կտանք ավելի ուշ` այն բանից հետո, երբ պարոն Ծառուկյանը կվերադառնա Հայաստան, կքննարկենք եւ հայտարարությամբ հանդես կգանք»:

«Այսինքն, Արմեն Հովհաննիսյանից բացի կա՞ն նաեւ այլ ձերբակալված ԲՀԿ-ի անդամներ: Նկատի ունենք նաեւ կալանավորված «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, ով «Արարատցեմենտ»-ի արտադրանքի հիմնական իրացնողներից է», - այս հարցին էլ Խաչիկ Գալստյանը պատասխանեց. - «Նրանք ոչ բոլորն են կուսակցականներ, բայց այս կամ այն կերպ կապվում են ԲՀԿ-ի հետ: Մենք այս բոլոր փաստերը ուսումնասիրում ենք, եւ երբ վերջնական պատկերը մեզ համար պարզ լինի, հանդես կգանք կոնկրետ գնահատականով»:

ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալությանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Վերջին շրջանում այնքան շատ եղան նման դեպքեր, որ արդեն մեզ ստիպում է խոսել ոչ թե իրապես պատահականությունների մասին, այլ, կարծես թե, ինչ-որ մի օրինաչափություն է արդեն այստեղ նկատվում` «Արարարատցեմենտ»-ի [արտադրանքը իրացնողի], դրանից առաջ Մասիսի կոմունալ ծառայության աշխատակցի ձերբակալությունները...»:

Զոհրաբյանն ասաց` կոնկրետ իր համար «շատ տարօրինակ է», որ այս երեք անձինք ձերբակալվել են թմրանյութերի շրջանառության համար. - «Բայց ես կարծում եմ, որ պետք է չէ շտապել եզրակացություններ անել, կվերադառնա կուսակցության նախագահը, բնականաբար, նրա հետ եւս անպայման քննարկում կլինի, եւ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք», - ասաց նա:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Ջերմուկի կառույցի ղեկավարը կարող էր խոշոր չափերով թմրանյութեր պահել, Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես տեսականորեն հնարավոր չեմ համարում, բայց ես ինքս ձեռնպահ կմնան իրավապահ համակարգի գործողություններին այս պահին այլ գնահատական տալուց, մինչեւ մենք ինքներս չուսումնասիրենք»:

Անդրադառնալով այն հարցին, թե կարելի՞ արձանագրել, որ այս դեպքերը փաստում են ԲՀԿ-ի վրա ճնշումների առկայության մասին, Զոհրաբյանն ասաց` «օրինաչափություն դարձող տարօրինակ զուգադիպություններ շատ եղան, որոնք քննարկելու եւ խորը վերլուծելու ենթակա են»:

Երեկ Նաիրա Զոհրաբյանը, արձաքանգելով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի անցած շաբաթվա` ԲՀԿ-ի վերաբերյալ արած հայտարարությանը, կոչ էր արել ԲՀԿ-ի նկատմամբ «վհուկների որս» եւ «ինկվիզիցիոն գործընթացներ» չսկսել: Հարցին, թե արդյո՞ք այս ակնարկը վերաբերում էր անմիջապես իշխող Հանրապետական կուսակցությանը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. - «Իմ ակնարկը վերաբերում էր բոլոր նրանց, ովքեր խոսում են եւ դեռ կխոսեն ազատ եւ արդար ընտրությունների մասին, բայց իրականում գործողության մեջ մենք այլ բան ենք տեսնում: Իմ ակնարկը հորդոր էր, որպեսզի խոսքերը համապատասխանեն իրականությանը»:

Զոհրաբյանն ասաց` «ԲՀԿ-ն շատ ուժեղ է` ամեն ինչին դիմանալու համար»: Նա նաեւ նշեց, որ ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիայից դուրս գալու խնդիր չկա:

Նա տեղեկացրեց նաեւ, որ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այժմ իր ընտանիքի հետ Արաբական Էմիրություններում է եւ առաջիկա օրերին կվերադառնա Հայաստան:

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց նաեւ իշխող Հանրապետականից ճշտել, թե արդյո՞ք զուգադիպություն է, որ վերջին օրերին թմրամիջոցների համար հենց ԲՀԿ-ի անդամներ կամ կողմնակիցներ են ձերբակալվում եւ կալանավորվում: Հանրապետականի փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փոխանցեց, որ հանցագործությունները կուսակցություններ չեն ճանաչում: «Կարող է ԲՀԿ-ից լինի, կարող է ՀՀԿ-ից լինի, վերջին հաշվով մեր կուսակցությունները զանգվածային են, եւ հասարակության մեջ են, եւ ԲՀԿ-ական կամ ՀՀԿ-ական լինելը չի նշանակում, որ հանցագործությունը պետք է ծածկվի», - ասաց Սահակյանը` հերքելով, թե այսօր ԲՀԿ-ի վրա ճնշումներ կան:

please wait

No media source currently available

0:00 0:05:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG