Հրդեհից տուժածները իրենց լքված են համարում

Your browser doesn’t support HTML5

-

Ուղիղ մեկ տարի առաջ Մաշտոց-Կորյուն փողոցների հատման մասում ապրող սեփական տների բնակիչները չէին էլ կարող պատկերացնել, որ կզրկվեն իրենց տներից ու այս նոյեմբերի ձյունն ու անձրեւը կդիմավորեն գրեթե բաց երկնքի տակ:

14 այրված տների բնակիչների մեծ մասը մինչեւ այսօր ապրում է բարեկամների տանը, 2 ընտանիք վերադարձել են իրենց երբեմնի տան տարածքը, քանի որ օգոսոտոսից քաղաքապետարանը նրանց բնակարան վարձելու գումար չի տրամադրում:

Մելանյա Սարդարյանն ու Ռուբեն Սարգսյանն իրենց այրված տանը ապրել են գրեթե վաթսուն տարի: Հիմա թոշակառուները քնում, արթնանում, ճաշ են եփում եւ օրվա մեծ մասն անցկացնում են մի փոքր սենյակում` հրդեհից փրկված տան անկյունն է: Սակայն բողոքում են ոչ այնքան բորբոսնած պատերից, հակահիգիենիկ ու ցուրտ պայմաններից, որքան գործադիր ու քաղաքային իշխանությունների անտարբերությունից:

«Ո'չ հետաքրքրվող կա, ո'չ հարցնող կա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մելանյա Սարդարյանը:

Օգոստոսից իրենց հրդեհված տները վերադարձած բնակիչները նաեւ բողոքում են, որ հրդեհից հետո իրենց մասին մոռացան, ոչ մի միջոց չձեռնարկեցին ու թողեցին բաց երկնքի տակ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հիշեցնենք, մեկ տարի առաջ 1500 քմ մակերեսով այդ հրդեհը որակել էր որպես ամենախոշորը Երեւանում վերջին տարիներին արձանագրվածներից:

Հրդեհից տուժածներից Մարիա Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վրդովված ասաց. - «Քսենիա Սոբչակը` Ռուսաստանի Դաշնության ինչ-որ մի աստղ, իրեն նվեր են տալիս բնակարան: Չհասկացա... Բա այստեղ մենք բնակվում ենք անչափահաս երեխաներով: Չէ՞ որ բանակի ժամանակ դուք կգաք իմ երկու տղա երեխաներիս կտանեք եւ չեք էլ հարցնի, թե ինչպես է մայրը մի տարի փողոցում բաց երկնքի տակ երեխա մեծացնում»:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին վստահեցրեց, որ քաղաքապետարանը կառուցապատող ընկերության հետ պայմանավորվածություն ունի տարածքում շենք կառուցելու եւ մարդկանց բնակարաններ տրամադրելու մասին, ինչին տեղյակ են բնակիչները: Սակայն, թե երբ շենքը կկառուցվի, որն է կառուցապատող ընկերությունը, Սարդարյանը դժվարացավ նշել:

Մինչդեռ բնակիչները վստահ են, որ իրենց տները պատահականորեն չեն հրդեհվել:

«Տեղը լավ տեղ է եղել: Մենք հասկանում ենք, որ դա ոչ թե պատահական է եղել, այլ վառել են մեր տները, որպեսզի տիրանան մեր այս տեղին», - ասաց տուժած բնակիչներից մեկը: