Շարմազանովը «հումորով է վերաբերվում» Բոստանջյանի ասածներին

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանով

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «հումորով է վերաբերվում» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանի` հինգշաբթի օրը արած հայտարարություններին։ Այդ մասին Շարմազանովը ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Վարդան Բոստանջյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինեն հավասար պայմաններ, ապա հաղթողը «Բարգավաճ Հայաստան»-ը կլինի: Պատգամավորը ասաց, թե հավասար պայմանների դեպքում «Բարգավաճ Հայաստան»-ի ընտրազանգվածը կարծես ավելի մեծ պետք է լինի, թեեւ խուսափեց պատասխանել հարցին` արդյոք Հանրապետականի ընտրազանգվածի՞ց էլ մեծ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքելով վերոհիշյալ հայտարարություններին, Էդուարդ Շարմազանովը նախ վստահեցրեց, որ, «առաջինը, հավասար պայմաններ լինելու են. դրա համար իշխանությունն ունի քաղաքական կամք, եւ իշխանության բոլոր քայլերը միտված են, որպեսզի երկրում լինեն նախադեպը չունեցող ազատ, ժողովրդավարական ընտրություններ»։

«Եվ ոչ միայն Հանրապետական, այլեւ, կարծում եմ, կոալիցիոն մեր պարտնյորները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մենք ունենանք նորմալ ընտրություններ, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ ընդդիմության մեջ գտնվող քաղաքական ուժերը, որովհետեւ մի ձեռքը ծափ չի տալիս», - ասաց ՀՀԿ-ի խոսնակը` հավելելով. - «Բայց, այնուամենայնիվ, քաղաքական պատասխանատուն Հանրապետականն է` նախագահի գլխավորությամբ, կոալիցիան է, եւ մենք առաջին հերթին այդ պատասխանատվությունը մեր վրա զգում ենք»։

«Ինչ վերաբերում է իմ գործընկերոջը «Բարգավաճ Հայաստան»-ից` բարձր եմ գնահատել պարոն Բոստանջյանի հումորի զգացումը։ Ես հումորով եմ վերաբերվում նրա արտահայտած մտքերին», - հայտարարեց Շարմազանովը` շարունակելով. - «Իսկ եթե ավելի լուրջ` թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, թե՛ սոցիոլոգիական հարցումները, թե՛ նախագահ Սարգսյանի կողմից իրականացված արդյունավետ քաղաքականությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հանրապետական կուսակցությունը ունի ամենամեծ շանսերը, որ պառլամենտական ընտրություններին ստանա համոզիչ հաջողություն»։

«Առանց կեղծելու ընտրությունները», - այս դիտարկմանը ՀՀԿ-ի խոսնակը հակադարձեց. - «Մենք երբեք ընտրությունները չենք կեղծել»։

«Այսինքն, դուք կարծում եք, որ ձեր ընտրազանգվածն ավելի շատ է, քան «Բարգավաճ Հայաստան»-ի՞նը», - այս հարցին Շարմազանովը պատասխանեց. - «Ես, նախ, հակադրության մեջ չեմ դնում մեզ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ։ Իսկ ինչ վերաբերում է` Հանրապետականը շատ ընտրող ունի, թե քիչ ընտրող ունի, ես ոչ թե կասեմ, այլ ես համոզված եմ, որ Հանրապետականը այն քաղաքական ուժն է, որը ե՛ւ շարունակելու է, ե՛ւ ավելացնելու է իր ներկայությունը երկրի կառավարման գործում, որի համար բոլոր պայմանները կան։ Կապրենք` կտեսնենք»։

«Իսկ իմ գործընկերոջ ասածներին ես հումորով եմ վերաբերվում, բարձր եմ գնահատում նրա հումորի զգացումը», - ամփոփեց իշխող կուսակցության խոսնակը։

Your browser doesn’t support HTML5

Շարմազանովը «հումորով է վերաբերվում» Բոստանջյանի ասածներին