Մատչելիության հղումներ

Բոստանջյանի համոզմամբ` ընտրություններում հավասար պայմանների դեպքում ԲՀԿ-ն կհաղթի


Վարդան Բոստանջյան (ԲՀԿ)
Վարդան Բոստանջյան (ԲՀԿ)
Իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Վարդան Բոստանջյանը հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հավասար պայմաններ լինելու պարագայում հաղթողը «Բարգավաճ Հայաստան»-ը կլինի:

«Բոլոր դեպքերում այլ հավասար պայմանների պարագայում թերեւս կարող է տպավորություն թողել, որ, կարծեք թե, Բարգավաճը ավելի մեծ ընտրազանգված պետք է ունենա», - ասաց Բոստանջյանը:

«ՀՀԿ-ի՞ց էլ շատ» հարցին Բոստանջյանը պատասխանեց. - «Ես չեմ ուզում որեւէ մեկի հետ համեմատություններ անցկացնել»:

Քաղաքական դաշտում տիրող լարվածությունը պատգամավորը բնական է համարում, ասում է ուժերի մրցություն է գնալու: Իսկ իշխանական շրջանակներում տեղի ունեցած վերջին պաշտոնանկությունները Բոստանջյանը պայմանավորում է դիրքերն ամրապնդելու գործընթացով:

«Այդ պաշտոնակությունները կամ վերադասավորումները, ոնց ուզում եք հասկացեք, ամենայն հավանականությամբ հենց պայմանավորված են այս հանգամանքով, որպեսզի տվյալ տեղամասերում հատկապես այս փոքր ինչ լարված իրավիճակում, բնականաբար, ավելի արդյունավետ աշխատողներ եւ ավելի մեծ պատասխանատվություններ իրենց վրա կրողներ լինեն», - ասաց Բոստանջյանը:

Հարցին, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության օրինակով «Բարգավաճ Հայաստան»-ը չի պատրաստվում արդյո՞ք դիրքերը ամրապնդել, Բոստանջյանը պատասխանեց, թե դրա կարիքը իրենք չունեն:

«Դիրքերի ամրապնդում իրականացնում են երեւի թե այն ուժերը, որոնք հասկանում են, որ դա պետք է: «Բարգավաճ Հայաստան»-ի կտրվածքով, որքան հասկանում եմ, առայժմ դրա կարիքը չկա», - ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս արած հայտարարությանը, թե իրենք նպատակ ունեն անցկացնել ամենաթափանցիկ եւ արդար ընտրությունները անկախ Հայաստանի 20-ամյա պատմության ընթացքում, Բոստանջյանն ասաց, թե իրավունք չունի չհավատալու վարչապետին, բայց միեւնույն ժամանակ այսօրվա իրականության մեջ ապրող իշխանական գործիչը նշեց. - «Եթե դուք ընտրություններում կուզենաք նկատել ինչ-որ թերացում, խորապես ուզում եմ համոզված լինել, որ դա պայմանավորված չի լինի օրենսգրքով, դա պայմանավորված կլինի մեզնով, քաղաքացիներով, ընտրություններ անցկացնողներով: Եվ դուք ինքներդ գիտեք, որ մենք դեռեւս չենք գտնվում այնպիսի բարձր մակարդակում, չունենք այնպիսի իրավագիտակցություն եւ ընտրություն կատարելու այնպիսի մեծ սկզբունքներ, որի պայմաններում իսկապես ապահովվի այդ ազատ, արդար ընտրությունները»:

Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում: Հաշվի առնելով քաղաքական շրջանակներում պտտվող խոսակցությունները, թե Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքականություն, «Ազատություն» ռադիոկայանը հարցրեց Վարդան Բոստանջյանից, թե 2013-ի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի քննարկո՞ւմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ մեկ ուրիշ թեկնածուի սատարելու հարցը (իշխանական 3 կուսակցությունները, այս տարվա սկզբին թարմացնելով կոալիցիոն հուշագիրը, հայտարարել էին, որ քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում` ի դեմս գործող նախագահի, հանես կգա միասնական թեկնածուով): Քոչարյան-Ծառուկյան հանդիպումից Բոստանջյանը տեղյակ չէր: Նախագահի իրենց թեկնածուի մասին էլ ասաց, թե Գագիկ Ծառուկյանը արդեն հայտարարել է, որ 2013-ի նախագահական ընտրություններում կսատարեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Չորեքշաբթի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 6-րդ համագումարում, հայտարարել էր, որ գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից:

Այս առնչությամբ Բոստանջյանն ասաց. - «Այո', նրանք պետք է տարանջատված լինեն այնքանով, որ գործարարը չպետք է գտնվի իշխանության մեջ, եւ իշխանության մեջ գտնվող պետք է գործարար չլինի»:

«Ազատություն» ռադիոկայանի հիշեցմանը, որ ԲՀԿ-ի ղեկավարը եւս խոշոր գործարար է եւ այժմ գտնվում է իշխանության մեջ, Բոստանջյանը այսպես արձագանքեց. - «Դրանում ոչ մի վատ բան չկա, երբ որ առայժմ փխրուն մտավորական սկլադի, կեցվածքի մարդիկ պետք է համախմբվեն, էլի համախմբվում են, ինչու չէ նաեւ գործարար մարդկանց միջոցով: Ցանկացած զարգացում, ըստ էության, պետք է տեսնել ինկուբացիայի մեջ: Աշխարհի ամենահզոր մարդը երբեւիցե չի կարող մեկ օրում երեխա ուզել, երեխան պետք է մոր արգանդում մնա այնքան ժամանակ, որքան աստված է կամենում, եւ սա բացառապես վերաբերում է բոլոր պրոցեսներին եւ երեւույթներին»:

Խոսելով կարող ուժերի մասին` իշխանական պատգամավորն այսօր նաեւ գովեստի խոսքեր հնչեցրեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մասին:

«Մեր այսօրվա իշխանությունները բազմաթիվ դրական քայլեր` ի նպաստ հասարակության, ժողովրդի, միգուցե եւ անում են հենց ելնելով ՀԱԿ-ի խոսքերից կամ մոտեցումներից», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG