Ակտիվիստները փորձում են պահպանել Ռաֆայել Իսրայելյանի տունը

Your browser doesn’t support HTML5

Անվանի ճարտարապետի տունը, ինչպես նաեւ հարեւանությամբ գտնվող շինությունները, կառուցվել են 30-ական թվականներին:

Ռաֆայել Իսրայելյանը Երեւան է տեղափոխվել 1936 թվականին եւ անձամբ է նախագծել իր տունը: Հարեւանները պատմում են, որ ճարտարապետն իր ձեռքով բարելիեֆներ է փորձագրել տան պատերին, իսկ տունը 70-ականներին ընգրկված է եղել պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների շարքում:

Իսրայելյանը ունի երկու որդի եւ երեք դուստր: Վահագն Իսրայելյանը, ով ժառանգել էր հոր տունը, վաճառել է այն 2010-ին` անձամբ այդ մասին նամակով տեղեկացնելով այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին:

Այժմյան սեփականատերը` օգտվելով իր իրավունքից, տարածքում շինարարություն է իրականացնում. նախատեսում է այդտեղ կառուցել հյուրանոցային համալիր:

Հավաքված հասարակական ակտիվիստները չեն վիճում, որ սեփականատիրոջ գործողությունները օրինական են, հարցը, նրանց խոսքով, «ավելի էթիկական է»:

Ճարտարապետի որդին տունը վաճառել է, քաղաքապետարանը թույլատրել է նոր նախագիծը, սեփականատերն էլ կառուցում է իր ուզածի պես:

Միայն հին երեւանցիներն են ցավում:

«Ես այս փողոցի բնակիչ եմ: Սա նաեւ Երեւանի շունչի արժեքն է… Դա, իրոք, հին Երեւանի շունչն է, ինչը ո'չ կարելի է վաճառել, ո'չ կարելի է գնել… Դա երեւանասպանության եւս մի օրինակ է», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Ռաֆայել Իսրայելյանը ժառանգություն է թողել Սարդարապատի, Բաշ Ապարանի, Նոր Հաճընի, Մուսա լեռան հերոսամարտերին նվիրված ճարտարապետական կոթողները, Չարենցի կամարը, 1915 թվականի Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը Էջմիածնի Մայր տաճարի բակում: Նրա նախագծով է կառուցվել Նկարիչի տունը Երեւանում, վերակառուցել է Սուրբ Սարգիս եկեղեցին, ինչպես նաեւ` Սուրբ Վարդան եկեղեցին Նյու-Յորքում, Միլանի Քառասուն մանկունք եւ Մոնտեվիդեոյի Սուրբ Շնորհալու եկեղեցիները:

Ակտիվիստները պատրաստվում են դիմել Մշակույթի նախարարին, որպեսզի վերջինս հարցը դնի Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության փորձագիտական խորհրդի քննարկմանը, եւ եթե եզրակացությունը դրական լինի` շենքն ընդգրկվի պետության կողմից պահպանվող հուշարձանների շարքում: Պարզ չէ, սակայն, թե մինչ այդ շենքի որ մասը կանգուն կմնա: