Կայացավ Անկախության տոնին նվիրված զորահանդեսը

ՀՀ նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաները դիտում են անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը, 21 սեպտեմբեր, 2011

Այսօր առավոտյան Երեւանի Հանրապետության հրապարակում կայացավ Հայաստանի Անկախության 20-ամյակին նվիրված տոնական զորահանդեսը, որտեղ ցուցադրվեցին հայկական զինված ուժերի ռազմաարդյունաբերական նմուշները, տեղական արտադրության անօդաչու ինքնաթիռները, նաեւ օդուժի հնարավորությունները:

Զորահանդեսին ներկա էին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բարձրագույն ղեկավարությունը, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

Հայաստանի անկախության առթիվ ռազմական զորահանդեսի ժամանակ հայ ժողովրդին շնորհավորեց Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ովքեր 90-ականների սկզբներին չեն եղել Հայաստանում եւ դիտում են վավերագրական կադրեր, պարզապես չեն հավատում, որ դա եղել է, նույնիսկ Երեւանի փողոցների կադրերը կարծես ուրիշ աշխարհից լինեն, էլ չեմ խոսում Հայաստանի սահմանների, հրետակոծվող մեր քաղաքների ու Արցախի մասին», - ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում` շարունակելով. - «Այսօր Հայաստանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, կայացած երկիր է: Վկա` այսօրվա զորահանդեսը: Իսկ ամենաթանկը, որ ունենք, անկախության սերունդն է: Սերունդ, որ ազատ երկրի քաղաքացի է եւ իրեն չի պատկերացնում այլ կարգավիճակում: Երկու տասնամյակում մեզ հաջողվեց հսկայական թռիչք արձանագրել, բայց շատ բան դեռ չենք հասցրել անել: Ե՛վ ձեռքբերումները, եւ՛ բացթողումները մերն են»:

Սերժ Սարգսյանը «կեցցե»-ներ ուղղեց Հայաստանի ժողովրդին, ազատ Արցախին, հայ կամավորիներին, հայոց հաղթական բանակին, շինարարներերին եւ սփյուռքին: Ի դեպ, այսօր հրապարակով անցնող զինվորներից շատերը Հայաստանի անկախության տարեկիցներն էին: Դա նշեց նաեւ նախագահը` շեշտելով, սակայն, որ Հայաստանը 20 տարեկանի միամտություն չունի:

«Սա նոր Հայաստանն է, որին այլեւս անհնար է խաբել կամ ահաբեկել, անհնարին է պարտադրել կամ շանտաժի ենթարկել: Նրա հետ հնարավոր է բարեկամանալ ու համագործակցել, հնարավոր է նրա հետ հաջողություններ տոնել եւ ցավ կիսել, հնարավոր է նրան օրինակ ծառայել եւ նրանից օրինակ վերցնել: Սա նոր Հայաստանն է, որ հիշում է շատ բան, բայց հիշաչար չէ, տեսել է շատ բան, բայց այսօր հայացքն ուղղել է ապագային», - ասաց նախագահը:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները տոնական զորահանդեսի ժամանակ, 21 սեպտեմբեր, 2011


Սերժ Սարգսյանի խոսքով` 20 տարի առաջ հայ ժողովուրդը սխրանք է գործել` ընտրելով անկախության ուղին:

«Մեր ժողովրդի ընտրությունը խորապես գիտակցված էր: Մենք նաեւ հասկանում էինք, որ նախկին Խորհրդային Միության հանրապետություններից ոչ մեկը չուներ մեկնարկային այնպիսի անբարենպաստ պայմաններ, ինչպիսիք մերն էին: Երկրի մի մեծ հատված աղետի գոտի էր, եւ մենք էլ կանգնած էինք պատերազմի շեմին: Բայց մենք քվեաթերթիկները տվեցինք մեր երեխաների ձեռքը եւ ասացինք` «այո՛», - ասաց նախագահը:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, զորահանդեսին մասնակցել են շուրջ 4 հազար զինվորականներ, իսկ Հանրապետության հրապարակով անցել է մոտ 300 միավոր զինտեխնիկա:

Հանրապետության հրապարակում այսօր ցուցադրվեցին հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության S-300 զենիթահրթիռային համալիրներ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում ոչնչացնել նաեւ հակառակորդի վերգետնյա թիրախները: Ինչպես նշվեց, հայկական զինված ուժերին պատկանող S-300-ը կարգավորված են հատուկ լեռնային պայմանների համար եւ վերահսկում են Հայաստանի ողջ օդային տարածությունը:

Զորահանդեին ցուցադրվեցին նաեւ ՆԱՏՕ-ական դասարկարգմամբ` «Scud» տիպի ռուսական արտադրության հրթիռներ, որոնց հեռահարությունը կազում է մինչև 300 կմ: Ցուցադրվեցին նաեւ «Точка У» տեսակի հրթիռներ, որոնք կարող են մինչեւ 120 կմ հեռավորության վրա ոչնչացնել հակառակորդի շարժական ու անշարժ օբյեկտեները:

Այսօր հրապարակով անցան նաեւ անօդաչու թռչող սարքեր, որոնք հայաստանյան ռազմարդյունաբերական համալիրի նորագույն արտադրատեսակներից են: Ըստ հաղորդման, այդ սարքերն ունակ են օպերատիվ խորության վրա նկարահանել եւ իրական ժամանակում հրետանային, հրթիռային, հատուկ նշանակության եւ հետախուզական ստորաբաժանումներին փոխանցել գերճշգրիտ տվյալներ:

Նշենք, որ Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին արդեն շնորհավորական ուղերձներ են հղել տասնյակ պետությունների ղեկավարներ, այդ թվում` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը, Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդը, Ավստրիայի դաշնային նախագահ Հայնց Ֆիշերը, Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ տասնվեցերորդը, Շվեյցարիայի նախագահ Միշլին Կալմի-Ռեյը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ մի շարք այլ պետությունների ղեկավարներ:

Չնայած ներկայիս նախագահի հրավերին, Հայաստանի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն մասնակցել տոնական զորահանդեսին եւ Անկախության 20-ամյակին նվիրված այլ միջոցառումներին: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի պարզաբանմամբ` այս օրերին Քոչարյանը բացակայում է Հայաստանից: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ նշել է, որ Տեր-Պետրոսյանը կմասնակցեր, եթե զորահանդեսն ընդունողը ինքը լիներ: