ՊԵԿ-ի փոխնախագահը մատնանշում է օրենքի թերությունները

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղական Արմեն Ալավերդյանի համոզմամբ, այս տարվա մարտին ընդունված «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն անկատար է:
«Օրենքը ի սկզբանե ունեցել է լրջագույն պրոբլեմներ, որոնք ինչ-ինչ պատճառով օրենքի մշակման եւ ընդունման փուլում կա'մ հաշվի չեն առնվել, կա'մ բացթողում է եղել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ալավերդյանը` շեշտելով, որ հիմնական հարցն այն է, թե ինչ ապրանքի մասին է խոսքը. - «Այո, տեսաձայնային մագրիսական կրիչների հետ կապված մենք ամբողջությամբ պատրաստ ենք պիտակավորման գործընթացը իրականացնելու»:

Սակայն, նրա խոսքով, ապրանքների միջազգային դասարակարգման մեջ մագնիսական կրիչները բոլորովին այլ ապրանքատեսակ են նշանակում. - «Օրենքում խոսք անգամ չկա, որ լազերային կրիչները` այդ DVD-ները, CD-ները պետք է պիտակավորվեն: Օրենքում հստակ գրված է` տեսաձայնային մագնիսական կրիչներ… Տվյալ դասին չեն պատկանում մագնիսաօպտիկական կրիչները»:

Մինչդեռ, երգչուհի Նունե Եսայանի խոսքով, իր ձայնասկավառակները կեղծողները տարեկան ստացել են շուրջ կես մլն դոլար եկամտուտ: Իսկ Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի տվյալներով` Թաթայի կեղծ ձայնասկավառակները վաճառվել են տարեկան 100-150 հազար օրինակ:

«Այն պահին, երբ Հայաստանում մեծ քանակի վաճառվում էր, ես գտնում եմ, որ առաջինը հենց պետությունը մեծ կորուստ ունեցավ… եւ բոլոր երգիչները կորցրեցին ահռելի գումարներ», - ասաց Նազարյանը:

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենք խախտողները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել ՀՀ Քրեական օրենսգրքի 158 հոդվածով: Եվ եթե Ոստիկանության տվյալներով` հեղինակային իրավունքների խախտման դեպքերի հիման վրա 2010-ին 15 քրեական գործ էր հարուցվել, ապա այս օրենքի կիրառման դեպքում նման դեպքերը կտրուկ կարող էին աճել:

Օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս է անցել, բայց երեւանյան ոչ մի խանութում մենք չհանդիպեցին դրոշմապիտակված սկավառակի:

Երգչուհի Նունե Եսայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր ձայնասկավառակի հեղինակային իրավունքներին առայժմ իր մենեջմենթով զբաղվողներն են հետեւում. - «Ես նույնիսկ խոսել եմ շատ կարեւոր մարդկանց հետ, եւ ասել են` դուք պետք է զբաղվեք դրանով, դուք էլ մեզ օգնեք: Բայց մենք անում ենք` իրենք չկան»:

Իսկ Disc World խանութի տնօրեն Կարեն Քյուբելյանը վստահեցնում է, որ ծայնասկավառակները կեղծելը վաղուց արդեն եկամտաբեր չէ: Օրենքի ընդունման ժամանակ իրենք պայքարեցին, ոչ ոք իրենց ձայնը չլսեց, սակայն մինչեւ այսօր տեղեկություն էլ չունեն, թե որտեղից պետք է ձեռք բերեն դրոշմապիտակները, ինչ արժեքով եւ ինչ պայմաններով:

Մինչդեռ Ալավերդյանի տվյալներով` շրջանառության մեջ կա մոտավորապես 20 հազար նմանատիպ մագնիսական կրիչ, որոնց ներմուծողն արդեն դիմել է պետեկամուտների կոմիտե` դրոշմապիտակները ստանալու համար:

Your browser doesn’t support HTML5

ՊԵԿ-ի փոխնախագահը մատնանշում է օրենքի թերությունները