Գեւորգ Կոստանյան. «Կարծրացած չենք կոնկրետ հոդվածի շրջանակներում»

Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյան

Զինվորի մահվան դատաբժշկական փորձաքննության վերջնական պատասխանը մի քանի օրից կստացվի, սակայն այս պահին էլ հայտնի է, որ Աղասի Աբրահամյանը ոչ թե թունավորումից է մահացել, այլ գանգուղեղին ստացած մարմնական վնասվածքներից, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Եղնիկներ» կոչվող զորամասի 18-ամյա զինծառայող Աղասի Աբրահամյանը մահացել է անցած ուրբաթ օրը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` նա անգիտակից վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել է: Հարազատներին զինվորի մահվան լուրը հայտնելիս սկզբում ասել էին, թե նա թունավորվել է, ապա տեղափոխվել է հիվանդանոց, վայր է ընկել անկողնուց ու մահացել: Ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են:

«Թունավորման արդյունքում մահվան մասին ընդհանրապես որեւէ խոսք չկա: Մահվան պատճառը` այս պահին հայտնի, բայց դեռեւս ոչ փաստաթղթավորված, այն մարմնական վնասվածքներն են` գանգուղեղային հեմատոմաները, որոնք հանգեցրել են մահվան», - ասաց Գեւորգ Կոստանյանը:

Զինդատախազն ասում է` դեռեւս չեն խոսում սպանության մասին, քրեական գործը հարուցվել է դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու փաստով, ինչն էլ առաջացրել է տուժողի մահը, սակայն պատկերը դեռ կարող է փոխվել` կարող է պարզվել, որ կատարվածը սպանություն է:

«Քննության ընթացքում, եթե հիմնավորվի դիտավորյալ սպանության կամ այլ հոդվածներով նախատեսված արարքներում կոնկրետ անձանց մեղավորության հարց, բնականաբար, որակումները կփոխվեն, եւ անձանց մեղադրանքը կառաջադրվի իրենց մեղքի չափով` կատարված արարքների համար», - ընդգծեց Կոստանյանը` հավելելով. - «Այսինքն, մենք կարծրացած չենք կոնկրետ հարուցված հոդվածի շրջանակներում»:

Կատարվածի գնահատականին վերաբերող հարցին` այն, այնուամենայնիվ, սպանությո՞ւն է, թե՞` ոչ, զինդատախազը պատասխանեց. - «Քրեաիրավական տեսակետից, այս պահի դրությամբ առկա ապացույցների շրջանակում, սպանություն որակելը դեռ շուտ է, դեռ վաղ է: Մենք ունենք փաստ, որ անձին հասցվել են այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնք ուղղակի պատճառական կապի մեջ են մահվան հետ, բայց դա դեռեւս չի նշանակում, որ արարքը պետք է որակվի սպանության հոդվածով»:

Հարցին, թե ինչո՞ւ են ծեծել 18-ամյա երիտասարդին, Կոստանյանը արձագանքեց. - «Այս պահին ուղղակի ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց: Կարող եմ փաստել, որ մենք արդեն ունենք կասկածյալների շրջանակը, մենք ունենք ձերբակալված` այս պահին երկուսն են` կոնկրետ սպա, կոնկրետ զինվոր, բայց նրանք միաժամանակ չեն եղել, այս պահի դրությամբ, նրան մարմնական վնասվածքներ հասցնելու հանգամանքը, եւ քննությունը ավելի հստակություն կմտցնի բոլորի գործողությունների բնույթի, հաջորդականության հարցով: Կասկածյալների շրջանակն էլ` այս պահին դեռեւս երկուսն են»:

Իսկ այն առնչությամբ, թե արդյո՞ք սա բանակում զինծառայողի մահվան նախորդ դեպքերին նմանատիպ մի դեպք չէ, երբ գերիշխում է կենցաղային ֆոնը` սպաների կողմից նսեմացնելու, մարդկանց արժանապատվությունը ստորացնելու, զինդատախազը նշեց. - «Կարող եմ ասել ընդամենը, որ քննենք` արդյունքում կփաստենք: Երբ որ մենք անձանց կոնկրետ մեղադրանքները կառաջադրենք, այդ մեղադրանքների շրջանակներում մենք կարող ենք խոսել: Իսկ այս պահին դեռեւս վաղ է: Համենայն դեպս, կարող եմ ասել, որ Զինված ուժերում դեպքերի 99 տոկոսը հենց կենցաղային հողի վրա է լինում»: