Սեյրան Օհանյան. «Զինվորի մահվան համար մեղավորները պատժվելու են»

Your browser doesn’t support HTML5

Անցած ուրբաթ բանակում մահացած զինվորի` Աղասի Աբրահամյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա մարմնի վրա ինչ-որ արտաքին ներգործություն է եղել, ինչը կարող էր մահվան պատճառ հանդիսանալ: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողներին ասել է ՀՀ պաշտ

Անցած ուրբաթ օրը բանակում մահացած զինվորի` Աղասի Աբրահամյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ «ինչ-որ ներգործություն է եղել արտաքին նրա վրա»: Երեքշաբթի օրը այդ մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Եվ ոչ մեկս դա չենք թաքցնում», - ընդգծեց նախարարը` Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանակից մարտական դիրքերում պատասխանելով լրագրողների հարցերին:

Անցած ուրբաթ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել է:

18-ամյա զինվորի` Երեւանում բնակվող ընտանիքի անդամները պնդում են, որ նրան ոչ թե անզգուշությամբ են մահ պատճառել, այլ սպանել են ծեծելով: Դիահերձմանը մասնակցած ազգականները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկարագրել էին իրենց տեսած բազմաթիվ վնասվածքները:

Նախաքննական մարմինը, մինչդեռ, գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

«Զինվորի մարմնի տարբեր մասերում կան հետքեր: Հարուցված է քրեական գործ: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ ինչ-որ ներգործություն է եղել արտաքին նրա վրա, եւ ոչ մեկս դա չենք թաքցնում: Բացահայտված է այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են այս կամ այն ձեւով ազդած, ծեծած լինեն այդ մեր զինվորին, եւ քրեական գործի շրջանակներում լուրջ աշխատանք է հիմա տարվում` ե'ւ իրավապահ մեր կառույցների, եւ նաեւ զորամասերի հրամանատարության ողջ ուժերն են ուղղված», - ասաց Սեյրան Օհանյանը` մանրամասնելով. - «Այսօր այդ զորամասում աշխատում է ե'ւ Պաշտպանության բանակի ղեկավարությունը, ե'ւ Զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների, զինծառայողների, զորքերի ծառայության վարչության աշխատակիցները, որոնք փորձելու են ամեն ինչ անեն` բացահայտեն: Եվ այդ բացահայտման շրջանակներում մեղավորները, ես ուզեմ թե չուզեմ, պատժվելու են, քրեական պատասխանատվության են ենթարկվելու»:

Աղասի Աբրահամյանի ծնողների վկայությամբ` գնդի հրամանատարը իրենց փոխանցել էր, թե իրենց որդին թունավորվել է, ինչի հետեւանքով էլ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է։ Մինչդեռ, իրականությունը հարազատները բացահայտել են դիահերձարանում` տղայի մարմնի վրա հայտնաբերելով բազմաթիվ վնասվածքներ:

Ներկայացվածին Սեյրան Օհանյանը այսպես արձագանքեց. - «Մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք մեր օֆիցիալ հայտարարություններին: Թե' պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը եւ թե' նաեւ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը իրար հետ համագործակցած աշխատում են, եւ յուրաքանչյուր դեպքի շրջանակներում խորհրդակցելով իրավապահ մարմինների հետ են միայն հաղորդագրություն տալիս: Թե ինչ հայտարարություններ են տալիս տեղերում հրամանատարները, այսինքն` ցածր մակարդակի հրամանատարները` իրենց խոսակցության շրջանակներում, դրանք միայն խոսակցություններ են»:

Անդրադառնալով բանակում գրանցված կորուստներին` Սեյրան Օհանյանը նաեւ տեղեկացրեց, որ 2011 թվականի առաջին կիսամյակում ամենաքիչ կորուստներն են գրանցվել 2007 թվականից ի վեր: Նախարարը թիվ չնշեց, սակայն ասաց, որ այս տարվա առաջին կիսամյակում գրանցված կորուստների քանակը կազմում է 2007 թվականի առաջին կիսամյակում տեղ գտած կորուստների մոտ մեկ քառորդը:

Օհանյանը անդրադարձավ Զինված ուժերի սպառազինության արդիականացման հարցին` նշելով. - «Տեղում չենք դոփում եւ իհարկե [Զինված ուժերը] հագեցնում ենք ժամանակակից ռազմական տեխնիկայով: Մենք ամեն տարի ընդլայնում ենք մեր պաշտպանության նախարարության սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կարողությունները, քանակը: Մանավանդ հակաօդային պաշտպանության համակարգը յուրաքանչյուր տարի կատարելագործվում է, եւ այն համակարգերը` C-300-ները, որոնք որ ունենք, այսօր պատրաստ վիճակում են եւ ի վիճակի են իրենց առջեւ դրված խնդիրները կատարել, չեմ բացառում, որ մեկ օր էլ Հայաստանի Հանրապետության տարածքում C-400-ներ կլինեն, եւ մեր հետ համագործակցած խնդիրներ կկատարեն»:

Ըստ նախարարի, ներկայումս Հայաստանի զինված ուժերում աճում է պայմանագրային զինծառայողների թիվը, ովքեր տեղաբաշխվում են հատկապես սահմանամերձ շրջաններում, եւ նման զինվորականների թվի ավելացումը, Օհանյանի հավաստմամբ, անհրաժեշտ նախադրյալներ է ձեւավորում հետագայում պրոֆեսիոնալ զինված ուժերի ստեղծման համար:

«Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խումբը ուղեկցում էր նախարարին երկրի հյուսիս-արեւելքում գտնվող մարտական դիրքեր այցելության ժամանակ:

Սեյրան Օհանյան. «Զինվորի մահվան համար մեղավորները պատժվելու են»

Your browser doesn’t support HTML5

Սեյրան Օհանյան. «Զինվորի մահվան համար մեղավորները պատժվելու են»