Մայրաքաղաքի արտաքին բարեկարգումը կավարտվի մինչեւ Անկախության տոնը

Երեւանի համայնապատկեր:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը խոստացավ, որ քաղաքում ընթացող շինարարական-բարեկարգման աշխատանքների մեծ մասը կավարտվի մինչեւ սեպտեմբերի 21-ի տոնակատարությունները:
«Մենք խնդիր ենք դրել մինչեւ անկախության 20-ամյակի տոնակատարության նախաշեմը ավարտել այս ծրագիրը ամբողջ քաղաքի տարածքում», - հայտարարեց Արեյանը` հավելելով, որ քաղաքի ասֆալտբետոնե ծածկը կարգի բերելու համար միայն քաղաքապետարանը կծախսի 3.9 միլիարդ դրամ:

«Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ, 17 միլիարդ տարեկան ծավալից մեկնարկել են 7.5 միլիարդի պայմանագրային աշխատանքները մայրաքաղաքում», - շարունակեց փոխքաղաքապետը` ներկայացնելով մինչեւ տարեվերջ նախատեսված շինարարական-բարեկարգման աշխատանքները: Ըստ այդմ` պետք է կառուցվեն նոր վերգետնյա անցումներ, բարեկարգվեն կամուրջները, շարունակվի քաղաքի կանաչապատումը, շքամուտքերի վերանորոգումը եւ այլն:

Կամո Արեյանը շեշտեց, որ զբոսայգիներում այնպիսի բարեկարգ վիճակ, ինչպիսին հիմա է, չի եղել. - «Վստահաբար կարող եմ ասել` ոչ մի տարի մենք ընդհանուր օգտագործման զբոսայգիների այսպիսի վիճակ չենք ունեցել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է նոր սկսվում, օրինակ, զբոսայգիների բարեկարգումը, փոխքաղաքապետը պատասխանեց. - «Երբ կա հիմնավորված, ծրագրային եւ նպատակային մոտեցում, արդյունքը ստացվում է: Վստահաբար կարող եմ ասել` [դա] պարոն Կարապետյանի առաջին պահանջն է եղել դեռեւս հունվար ամսին»:

Իսկ հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ նախկին քաղաքապետերը նման նպատակ չէին ունեցել, Արեյանը արձագանքեց. - «Նպատակը միշտ էլ եղել է: Պարզապես կա երկու բան` հետեւողականություն, վերջնական մոտեցում: Մինչեւ վերջ հետեւողականություն. կամք կարող ես ունենալ, բայց հետեւողական չլինել»:

Հիշեցնենք, 2009-ի մարտին Կամո Արեյանը` որպես ոլորտում նույնքան փորձառու մարդ, վկայակոչում էր այն ժամանակվա նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, որը, կարծես, պակաս հետեւողական ու գիտակ չէր թվում Արեյանին:

«Պաշտոնի անձնագիրը լրացնում են, այնտեղ կա մի տող` ստեղծագործական մոտեցում: Ամենօրյա գործ է սա: Իսկ իհարկե, յուրաքանչյուր նոր նշանակում` նոր քաղաքապետ լինի թե այլ պաշտոն, իր հետ բերում է իսկապես նորովի մոտեցում, նոր թարմություն, որը ես համարում եմ շատ բնական: Գագիկ Բեգլարյանը նոր մարդ չէ մայրաքաղաքի կյանքում, թաղային համայնքի իր աշխատափորձով ծանոթ է համաքաղաքային եւ համայնքային բոլոր խնդիրներին, կառուցվածքին, աշխատանքի կազմակերպմանը, քաղաքի ծրագրերին: Եղել անմիջական մասնակիցը, իրականացնողներից մեկը եւ այսօր շարունակում է», - ասել էր նա:

Բաբայան փողոցի բնակիչները ուրախ են, որ իրենց փողոցը վերջապես կվերանորոգվի, սակայն դժգոհում են, որ արդեն տասն օր է աղմուկից ու փոշուց անհարմարություններ են կրում: Քաղաքի կենտրոնից բարձրացող միակ` 72-րդ երթուղու ավտոբուսի ոչ բոլոր վարորդներն են համաձայնում քանդված ճանապարհով երթեւեկել:

Իսկ շինարարները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրին, որ աշխատանքներն իրականացվելու են պատշաճ որակով:

Your browser doesn’t support HTML5

Մայրաքաղաքի արտաքին բարեկարգումը կավարտվի մինչեւ Անկախության տոնը