Նուբարաշենում աղիքային ինֆեկցիայի տարածման պատճառը հավանաբար ջուրն է

Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 11 փողոցից 57 մարդ աղիքային վարակի ախտանիշերով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Նախնական տվյալներով վարակի պատճառը ջուրն է:

Բացառելով այն տարբերակները, որ սննդից կամ այլ բանից միայն այդ հասցեի բնակիչները չէին վարակվի, բժիշկները ենթադրում են, որ աղիքային վարակի աղբյուրը հունիսի 2-ին Նուբարաշենի թիվ 11 փողոցի բնակիչների օգտագործած ջուրն է:

Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյան խոսքով` ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ հունիսի 2-ին ջրագծի փոքր վթար է տեղի ունեցել, ինչն էլ կարող էր վարակի պատճառ հանդիսանալ:

Նուբարաշենի 11 փողոցի բնակիչները հիվանդանոց են ընդունվել ընդհանուր թուլության, սրտխառնոցի, բարձ ջերմության գանգատներով: Հայաստանի գլխավոր վարակաբանԱրա Ասոյանը նույնպես համոզված է, որ վարակի աղբյուրը ջուրն է: Դա նրան թույլ է տալիս ասել 5 տարբեր լաբորատորիաներում կատարած ուսումնասիրությունը:

Առողջապահության նախարարությունում երկուշաբթի հրավիրված ասուլիսին ներկա «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել իրական պատճառի մասին, քանի որ լաբորատոր փորձաքննությունը դեռ ավարտված չէ: Սակայն նա ասաց, որ «Երեւան ջուր»-ը պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը` անհրաժեշտության դեպքում:

«Եթե հետազոտությունները ցույց տվեցին, որ դա իրոք «Երեւան ջուր» ընկերության սխալն է, այդ դեպքում, իհարկե, փոխհատուցում կլինի», - վստահեցրեց նա:

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետները շարունակում են իրենց շրջայցերը Նուբարաշենի թիվ 11 փողոցում: Նրանք թեեւ վստահեցնում են, որ ջուրն այլեւս մաքուր եւ անվտանգ է օգտագործման համար, նրանք բնակիչներին խորհուրդ են տալիս նախքան օգտագործելը ջուրը եռացնել:

Այսօրվա դրությամբ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել հիվանդներից 26-ը։

Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը տեղեկացնում է, որ այս առնչությամբ արդեն քրեական գործ է հարուցվել: Դատախազությունը եւս, նախնական նյութերի ուսումնասիրության վրա հիմնվելով, վարակի աղբյուրը ջուրն է համարում:

«Ազատ գետի վարարելու հետեւանքով մայիսի 31-ի գիշերվանից սկսած չի գործել «Գառնի» պոմպակայանը, որի պատճառով ջրատարում ջրի ճնշումը նվազել է: Արդյունքում` Նուբարաշեն թաղամասի շենքերը ջրազրկվել են կամ էլ ունեցել են թույլ ճնշմամբ ջուր: Նուբարաշեն թաղամասի 11-րդ եւ 9-րդ փողոցների հատման կետում հայտնաբերվել է վնասված հատված, որի պատճառով նշված փողոցի ջրամատակարարումը դադարեցվել է:Հարուցված քրեական գործով իրականացվել են առաջնահերթ քննչական գործողություններ, առգրավվել է վնասված ջրատար խողովակաշարի նմուշներ», - ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Your browser doesn’t support HTML5

Նուբարաշենում աղիքային ինֆեկցիայի տարածման պատճառը հավանաբար ջուրն է