Կոմիտաս 26 շենքի բնակիչները բողոքում են իրենց հանգստի գոտու կառուցապատման դեմ

Կոմիտաս 26 շենքի բնակիչները այսօր ստորագրահավաք են սկսել

Երեւանի Արաբկիր համայնքի Կոմիտաս 26 շենքի բնակիչները այսօր ստորագրահավաք են սկսել` բողոքելով իրենց շենքի հարեւանությամբ գտնվող ավելի քան 2000 քառակուսի մետր կանաչ տարածքների կառուցապատման դեմ:

Բնակիչները բողոքում են, որ իրենց հանգստի գոտին անխնա օգտագործում են` ծառեր են հատվել, ծաղիկներ ու խոտ ոչնչացվել: Նրանք դիմել են քաղաքապետարան, փորձելով ճշտել, թե արդյո՞ք օրինական է իրականացվող շինարարությունը, սակայն պատասխան չեն ստացել:

Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Կոմիտաս 26-ի կցակառույցների շինարարությունը իրականացվում է ըստ քաղաքապետարանում հաստատված նախագծի եւ կառուցապատման թույլտվության: Նա նաեւ հերքեց բնակիչների պնդումները, որ այդ տարածքում ծառեր են եղել եւ հատվել են:

Տարածքը բաժանված է մի քանի խոշոր հատվածների: Դրանցից մեկի` մոտ 1000 քմ տարածքի վարձակալողը` Վահրամ Ղահրամանյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, որ շինարարության ընթացքում ոչ մի ծառ չի հատվել եւ չի հատվելու:

«Ես չեմ տեսել այսքան ժամանակ, որ բնակիչները այդտեղից օգտվեն: Իրենք ինչքան կարողացել` աղբ են լցրել այդտեղ: Ամբողջ ձմեռը աղբ է կուտակվել` մենք ամառը հավաքել ենք», - նաեւ ասաց Վահրամ Ղահրամանյանը:

Բնապահպան Կարինե Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց, որ քաղաքի զարգացումը իրականացվում է կանաչ տարածքների հաշվին:

«Իհարկե, ամենավատ առումով քաղաքի կենտրոնն է, բայց նաեւ այդ կենտրոնից դուրս են գալիս, եւ առաջինը հարվածի տակ ընկնում է հենց Արաբկիրը», - ասաց բնապահպանը:

Your browser doesn’t support HTML5

Կոմիտաս 26 շենքի բնակիչները բողոքում են իրենց հանգստի գոտու կառուցապատման դեմ