Kinderwall-ի օգնությամբ գյուղաբնակ հայ մանուկները կբացահայտեն ինտերնետի գաղտնիքները

Սիսիանի Գորայք գյուղի երեխաները հնարավորություն կստանան ոչ ֆորմալ մթնոլորտում ծանոթանալ համակարգչի եւ ինտերնետի գաղտնիքներին: «Ազատ» էկրանները շուրջօրյա կծառայեն երեխաների հրահանգներին, ովքեր ինքնուրույն պիտի բացահայտեն վիրտուալ աշխարհը:
Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի հիմադիր եւ նախագահ Ալբերտ Պողոսյանի նախաձեռնած ծրագիրը կոչվում է Kinderwall կամ «մանուկների պատ»: Ծրագրի շրջանակներում Գորայքի գյուղապետարանի շենքի պատի մեջ կտեղադրվեն երկու համակարգիչներ, որոնք կունենան շուրջօրյա արագ ինտերնետ եւ հասանելի կլինեն գյուղի երեխաների համար: Kinderwall-ի փորձաշրջանը կտեւի 3 ամիս, իսկ ինտերնետ տերմինալները գյուղում կգործեն 2-3 տարի:

Յուրաքանչյուր համակարգիչ կունենա տեսախցիկ, որը կնկարահանի սարքից օգտվող բոլոր երեխաներին: Իսկ ցանկացողները կկարողանան օնլայն հետեւել երեխաների աշխատանքին, կայքեր այցելությունների վիճակագրական տվյալներին և այլն: Ծրագրի յուրահատկություներից է այն, որ երեխաներին ոչինչ չեն սովորեցնելու կամ բացատրելու, նրանք ինքնուրույն պետք է բացահայտեն իրենց հետաքրքրող մանրամասները:

Նախագծի հեղինակները ցանկանում են դիմել դրամաշնորհի եւ Հայաստանի 150 գյուղերում տեղադրել Kinderwall ինտերնետային տերմինալներ:

Ծրագրի գաղափարն առաջին անգամ կիրառել է հնդիկ ֆիզիկոս Սուգատա Միտրան` տարիներ առաջ իրականացնելով «The hole in the wall» կամ «Խորշ պատի մեջ» ծրագիրը: Նա եզրակացրել էր, որ եթե Հնդկաստանի տարբեր քաղաքներում պատի մեջ տեղադրվի ինտերնետին միացված համակարգիչ, ապա 5 տարվա ընթացքում 500 միլիոն 6-12 տարեկան երեխա կունենա համակարգչից եւ ինտերնետից օգտվելու նվազագույնից անհամեմատ ավելի բարձր գիտելիքներ: