ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Հայաստան կժամանի մայիսի 16-ին

Մեծամորի ատոմակայանը

Ճապոնիայում «Ֆուկուշիմա» ատոմակայանի վթարից հետո Հայաստանը սեփական նախաձեռնությամբ վերագնահատել է Մեծամորի ատոմայականի անվտանգության մակարդակը եւ այժմ պատրաստվում է ընդունել հատուկ այդ նպատակով ժամանող ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հանձնաժողովին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան երեքշաբթի օրը հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Կառավարության նիստերից մեկում ես անդրադարձել եմ այս հարցին, հանձնարարական է տրված էներգետիկայի նախարարին` բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին, հաշվի առնելով Ճապոնիայի իրադարձությունները` եւս մեկ անգամ ռեւիզիայի ենթարկեն մեր անվտանգության բոլոր կանոնները եւ իրավիճակը», - ասաց վարչապետը` հավելելով. - «Այդ վարժությունը կատարված է, մենք սպասում ենք այս ամիս ՄԱԳԱՏԷ-ի մասնագիտացված միսիայի այցելությունը Հայաստան, որը երկու շաբաթ սթրես-թեսթային հարցերով անցնելու է, որպեսզի բացահայտի մեր ատոմակայանի ուժեղ եւ թույլ կողմերը»:

«Մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, եւ ինքներս, իհարկե, նախապատրաստական աշխատանքներն ենք կատարել համապատասխան` բարձրացնելու մեր ատոմակայանի անվտանգությունը», - ընդգծեց Տիգրան Սարգսյանը:

Անցած շաբաթ Երեւանում Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարեց, որ Ֆուկուշիմայի ատոմակայանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակից հետո Եվրոպան եւ ամբողջ աշխարհը ձգտում է միջուկային անվտանգության ավելի բարձր չափորոշիչներ ապահովել:

Մայիսի 16-ին Հայաստան է ժամանելու ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OSART (Operational Safety Review Team) հանձնաժողովի աշխատանքային խումբը, որը համակողմանի ուսումնասիրության է ենթարկելու Մեծամորի ատոմակայանը: Փորձագետների կարծիքով` այս հանձնաժողովը չափազանց խիստ կառույցի համբավ ունի եւ նրա կայացրած եզրակացությունները «վերջնական են եւ բեկանման ենթակա չեն»: OSART-ի որոշման հիման վրա արդեն փակվել են երկու ատոմակայաններ Լիտվայում եւ Բուլղարիայում, սակայն ինչպես նշում են մասնագետները, դրանց փակման պատճառները ոչ թե տեխնիկական էին, այլ` քաղաքական, քանի որ ատոմակայանների փակումը փաստացի այդ պետությունների` Եվրամիությանը անդամակցելու նախապայմանն էր:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պարզաբանեց Մեծամորի ատոմակայանի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը, OSART-ի ժամանման հետ կապված որոշակի շփոթմունք կա, քանի որ հանձնաժողովի այցի մասին վաղուց էր հայտնի: Սակայն Եվրոպայի մշակած սթրես-թեսթերի պահանջները վերջնականապես հաստատվելու են միայն վաղը, որից հետո ուղղվելու են Եվրամիության անդամ եւ նրա հարեւան երկրների միջուկային անվտանգության կարգավորման պետական կառույցներին:

Հարցին, թե որքանո՞վ է Մեծամորի ատոմակայանը պատրաստ OSART-ի մոնիտորինգին, Մարկոսյանը պատասխանեց. - «Դա ցույց կտան միսիայի արդյունքները: Մասնակցում են մասնագետներ, ոչ թե քաղաքագետներ: Մենք էլ ենք մասնագետ, մտահոգված են «Ֆուկուշիմա»-ով եւ արդեն անվտանգության խորհուրդ ենք անցկացրել, զբաղվում ենք այդ հարցերով` նույնիսկ նախքան նրանց վերջնական եզրակացությունը»:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանը պատրաստ է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը