Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ադրբեջանը ռազմական գործողությունները վերսկսելու առիթ է որոնում»


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական Բաքվին մեղադրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ձգձգելու եւ ռազմական գործողությունները վերսկսելու առիթ որոնելու մեջ:

«Ցավոք սրտի Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը կրկնվող, եւ քաղաքակիրթ երկխոսության չափանիշներին չհամապատասխանող հայտարարություններով, որոնք լրջորեն հարվածում են բանակցային գործընթացին», - տարածաշրջանային այցով Երեւան ժամանած Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ ճեպազրույցում այսօր հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը որպես մարտավարություն ընտրել է ձգձգման քաղաքականությունը:

«Ըստ էության, Ադրբեջանը հարմար առիթի է սպասում, որպեսզի նոր ռազմական ավանտյուրա սկսի», - հավելեց Հայաստանի նախագահը:

Հայաստանը, ըստ Սերժ Սարգսյանի, դրական է գնահատում ներկայում ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվայի ցանկությունը` սատարել գործընթացին, ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների եւ անձամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերը:

«Մենք պատրաստ ենք բանակցելու, պատրաստ ենք, եւ անհրաժեշտ ենք համարում որոնել փոխզիջումներ, բայց լուծման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը եւս ունենա նույն ցանկությունը», - ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Լիտվային` այդ երկրի սեյմի կողմից դեռեւս 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար, ինչը, ըստ Հայաստանի նախագահի, եւս մեկ վկայությունն է այդ ժողովրդի բարձր բարոյական նկարագրի եւ համամարդկային արժեքները այսրոպեական շահերից վեր դասելու գիտակցման:

Իր հերթին Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարեց, թե Հայաստանը կարող է կայունացնող գործոն դառնալ տարածաշրջանում եւ լուծել բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով:

Լիտվայի նախագահը, ով մինչ Երեւան ժամանելը այցելել է Բաքու եւ Թբիլիսի, ընդգծեց. - «Ոչ մի երկիր, ոչ մի կազմակերպություն չի աջակցի ղարաբաղյան խնդրի ռազմական կարգավորմանը: Այդ ուղերձը ես փոխանցել եմ երեք երկրների ղեկավարներին, որտեղ եղել եմ այս օրերին»:

Երեւանում Լիտվայի նախագահի բանակցությունների առանցքում եղել է Եվրոպային մտահոգող եւս մեկ խնդիր: Մարտին տեղի ունեցած հուժկու երկրաշարժից եւ ցունամիից հետո Ճապոնիայի Ֆուկուշիմա ատոմակայանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակից հետո ողջ Եվրոպան եւ նույնիսկ ամբողջ աշխարհը ձգտում է միջուկային անվտանգության ավելի բարձր չափորոշիչներ ապահովել:

«Եվրամիությունը սկսում է իրականացնել Եվրոպայում գործող բոլոր միջուկային ռեակտորների սթրես-թեսթավորումը, եւ իրենց անվտանգությունը ապահովելու համար նույնը կխնդրենք անել նաեւ բոլոր հարեւաններին: Ընդ որում, դա արվում է ոչ միայն անվտանգության, այլեւ հրապարակայնորեն տեղեկատվություն ապահովելու միջոցով ազգերի միջեւ վստահությունը ամրապնդելու նպատակով: Որքան հասկացա այսօրվա բանակցություններից, Հայաստանը պատրաստ է նման համագործակցության», - եզրափակեց Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG