Կեղծ ստորագրություններ «Վիշապի կոթողներ» այգու հանրային լսումների արձանագրության տակ

Երեւանի Նոր-Նորք շրջանի 2-րդ զանգվածի «Վիշապի կոթողներ» պուրակում բնակելի շենքի կառուցման վերաբերյալ հանրային լսումների արձանագրության տակ իրենց ստորագրությունը դրած որոշ քաղաքացիներ պնդում են, որ իրենք ներկա չեն եղել այդ լսումներին, իսկ իրենց ստորագրությունները կեղծված են:

Հանրային լսումներին ներկա չեն եղել նաեւ այգու պաշտպանությամբ զբաղվող «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստները:

«Նախարարությունը շատ լավ գիտեր մեր տեղը: Նախարարն էլ շատ լավ գիտեր, աշխատակիցներն էլ էին մեզ ճանաչում, թե որքան նախանձախնդիր ենք մենք մեր այգու նկատմամբ, կարող էին հարցնել մեզ` տեղյա՞կ եք, թե` ոչ [հանրային լսումներից]», - ասում է զայրացած բնակիչներից մեկը:

«Ազատություն» ռադիոկայանը այցելեց հանրային լսումներին, ըստ արձանագրությունների, մասնակցած Նոր Նորքի 7-րդ զանգվածի 46 շենքի բնակիչներին, որոնց ստորագրությունը կար արձանագրության տակ: Նրանցից ոչ ոք չճանաչեց ոչ իր ստորագրությունը, ոչ էլ հաստատեց, որ երբեւիցե մասնակցել է պուրակի հանրային լսումներին:

Այգում սեփականաշնորհումից հետո անցյալ տարեվերջին ընթացել էին շինարարական աշխատանքներ բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով, ինչը հարուցել է տեղի բնակիչների բուռն դժգոհությունը, որից հետո Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, թե շինարարություն չի ընթանա մինչեւ պարզ չդառնան շրջակա միջավայրի վերաբերյալ փորձաքննության արդյունքները:

Ըստ նախարարի` փորձաքննության արդյունքները դրվելու էին հանրային քննարկման տեղի բնակիչների մասնակցությամբ: Հենց այդ հանրային քննարկումների արդյունքում Երեւանի ծայրամասերի մի շարք բնակիչների ստորագրություններ են հայտնվել արձանագրությունների տակ, ովքեր իբրեւ թե կողմ են շենքի կառուցմանը:

«Մենք ենք այդ քաղաքի տերը» նախաձեռնության անդամները հանրային լսումների եւ դրանց արդյունքների մասին տեղեկացել են Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ից, ում էլ մեղադրում են ստորագրությունների կեղծման մեջ:

Սակայն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանն ասաց, թե այդ ստորագրահավաքից իրենք տեղյակ չեն. Կազմակերպիչը եղել է կառուցվող շենքի սեփականատերը: Նա, սակայն, պնդում է, որ հանրային լսումները անցկացվել են:

«Միանշանակ անցկացվել են, դա հաստատ չի կեղծվի, մեր մասնագետը երբեք չէր խաբի, որովհետեւ դա հասարակական հնչեղություն ունեցող հարց է», - ասաց Գեւորգյան:

Բնապահպանության նախարարությունից էլ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ նախարարությունը շինարարության հետ կապված առայժմ վերջնական եզրակացություն չի տվել եւ կշարունակի հանրային քննարկումների գործընթացը, իսկ կեղծված ստորագրությունների դեպքը պետք է առնել անհրաժեշտ փորձաքննության:

Your browser doesn’t support HTML5

Կեղծ ստորագրություններ «Վիշապի կոթողներ» այգու հանրային լսումների արձանագրության տակ