«Կոալիցիան բաց է երկխոսության համար, բայց չի ընդունում վերջնագրերի լեզուն»

Էդուարդ Շարմազանով

Իշխող կոալիցիան բաց է երկխոսության համար, այդուհանդերձ` չի ընդունում վերջնագրերի լեզուն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Մեկնաբանելով երեքշաբթի օրվա հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` իշխող կուսակցության խոսնակը նաեւ ասաց. - «Եթե դու ուզում ես քո երկրում որեւէ դրական տեղաշարժ լինի, եւ քո նպատակները անկեղծ են, ապա դու պետք է գնաս կոնստրուկտիվ երկխոսության, այլ ոչ թե վերջնաժամկետներ եւ վերջնագրեր ներկայացնես իշխանություններին»:

«Կարծում եմ` իրենք էլ շատ լավ գիտեն, որ վերջնաժամկետներ նշելը, վերջնագրերով խոսելը լավագույն ճանապարհը չէ, եւ առհասարակ դա երկխոսության հետ որեւէ կապ չունի», - ընդգծեց Շարմազանովը:

Հիշեցմանը, որ, «այդուհանդերձ, ընդդիմությունը պնդում է, որ երկխոսություն սկսելու առաջին պայմանը քաղաքական նպատակներով դատապարտվածների անհապաղ ազատ արձակումն է», Հանրապետականի խոսնակը արձագանքեց. - «Իշխանությունն էլ պնդում է, որ երկխոսություն սկսելու լավագույն ճանապարհը առանց նախապայմանների հարաբերությունների, երկխոսության գնալն է»:

Մարտի 1-ի հանրահավաքում իր ելույթում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկուկես տասնյակից ավելի պահանջներ ներկայացրեց իշխանություններին, որոնց «զգալի մասի կատարման պարագայում» խնդրեց հանրահավաքի լիազորությունը` «գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։