Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը «վերջին զգուշացումն» է անում իշխանություններին


Ընդդիմադիրների երթը 2011 թվականի մարտի 1-ին:
Ընդդիմադիրների երթը 2011 թվականի մարտի 1-ին:
Հայ ազգային կոնգրեսը այսօր` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների երրորդ տարելիցի օրը, բազմամարդ հանրահավաք անցկացրեց Մատերադարանի մոտ: Կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում հայտարարեց. - «Սա մեր վերջին զգուշացումն է իշխանություններին: Սթափվեք»:

Ընդդիմության առաջնորդը իր ելույթում մեկուկես տասնյակից ավելի պահանջներ ներկայացրեց իշխանություններին, որոնց «զգալի մասի կատարման պարագայում» խնդրեց հանրահավաքի լիազորությունը` «գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։


Նշված պահանջներից են` «մինչեւ մարտի 15-ը ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին», «ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով», «տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին», «անհապաղ վերականգնել ղարաբաղյան բանակցությունների նախկին ձեւաչափը» եւ այլն:

Սոցիալ-տնտեսական պահանջների թվում է Հայաստանում նվազագույն աշխատավարձը 200 դոլար դարձնելը:

«Թե ինչ ընթացք կստանա այս հայտարարությունը եւ ինչպիսի արձագանքի կարժանանա իշխանությունների կողմից, մենք ձեզ հետ միասին կքննարկենք ու համապատասխան եզրակացություններ կանենք հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա մարտի 17-ին», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Այսօրվանից Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի` օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ», - ասաց Հայաստանի առաջին նախագահը:

Հանրահավաքում ելույթ ունեցան Հայ ազգային կոնգրեսի այլ ղեկավար ներկայացուցիչներ, Մարտի 1-ի զոհերի հարազատները:

Վերջիններս պահանջում էին պատժել սպանությունների մեղավորներին:

«Նրանք զոհվեցին հանուն արդարության եւ ազատության: Եվ զոհվեցին հայկական բանակի ոչ բարով գերագույն հրամանատարների, հայ բանակի սպայի հրամանով», - ասաց 2008-ի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը:

Մեկ այլ զոհի` Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է «Մարտի 1» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է «իրավական եւ սոցիալական աջակցություն ցույց տալ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, աջակցել մարտի 1-ին հրազենային վնասվածք ստացած քաղաքացիներին»:

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած փաստահավաք խմբի նախկին անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը գնահատեց. - «Մարտի 1-ին Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի կողմից իրականացվել է ռազմական հեղաշրջում: Եվ այդ հեղաշրջման, արյունահեղության, ապօրինությունների պարագլուխները ի վերջո պետք է կանգնեն եւ կանգնելու են դատարանի առաջ»

«Մարտի 1-ի էջը պետք է փակենք մենք», - իր ելույթում հայտարարեց ՀԱԿ-ին անդամակցող ՀՀՇ-ի վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Հանրահավաքին միացավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչությունը` կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մեր պատգամավորները` «Ժառանգության» ներկայացուցիչները իրենց մարմնի, իրենց հոգու, իրենց ամենօրյա գործունեության վրա զգացել են մարտի 1-ի կնիքը, եւ եղել են միշտ հրապարակում, միշտ ժողովրդի կողքին: Թող ոչ մեկը չկարծի, որ «Ժառանգություն»-ը երբեւէ կբացակայի, եւ մենք այսօր մեր ժողովրդի հետ միասին արժանին ենք մատուցում մեր համաքաղաքացի զոհերի հիշատակին»:

Մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած պահանջները` Հովհաննիսյանը ասաց. - «Մեծ մասը ընդունելի են, բայց, չխորանալով քաղաքականության մեջ, հարց է ծագում, թե համապատասխան պաշտոնյաներին ով պետք է հեռացնի իրենց աշխատանքից… Ես կարծում եմ, որ առաջին հերթին մեր ժողովուրդը այսօր, վաղը եւ տեւական պայքարի միջոցով պետք է ինքը որոշի, թե ով է լինելու իր գործադիր եւ օրենսդիր իշխանավորը, որը մինչեւ հիմա չի եղել»:

Հանրահավաքը եզրափակվեց բազմամարդ երթով, որի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը, որտեղ մոմեր վառեցին` հարգելով զոհերի հիշատակը:

Մարտի 1-ի 3-րդ տարելիցին նվիրված հանրահավաք
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG