Դինքի մահվանից 4 տարի անց «Ակոս»-ը դեռ պահպանում է նրա սկզբունքները

«Ակոս»-ը տպագրվում է արդեն 11 տարի: Այն 24 էջանոց շաբաթաթերթ է, որի 20 էջերը լույս են տեսնում թուրքերեն, իսկ 4-ը` հայերեն: Հրանտ Դինքի մահվանից առաջ թերթի տպաքանակը մոտ 3000-3500 էր, խմբագրապետի սպանությունից հետո այն բարձրացավ երեք անգամ:
«Ակոս»-ը Թուրքիայում համարվում է ընդդիմադիր թերթ, քանի որ Հրանտ Դինքը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Այսօր էլ` Դինքի մահվանից 4 տարի անց, թերեի աշխատակիցները յուրաքանչյուր խնդիր փորձում են լուծել այնպես, ինչպես «Հրանտը կաներ կենդանության օրոք»: Այս մասին Ստամբուլում «Մաքսլիբերթի»-ին պատմեց «Ակոս»-ի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Ակոս»-ի հիմնական թեմաները Պոլսի հայկական համայնքին, եկեղեցուն եւ Հրանտ Դինքի սպանությանն են վերաբերում, ինչպես նաեւ գլխավոր թեմաներից մեկը մնում է 1915-ի ցեղասպանությունը:

Ակոսի խմբագրապետը այժմ Ռոբեր Քոփթաշն է, ում կարծիքով 2011-ը իրենց համար շրջադարձային տարի պետք է լինի. իրենք պահպանում են Դինքի հիմնադրած սկզբունքները, բայց կարիք ունեն նոր փուլի: