Բնապահպան ակտիվիստները Երեւանի կանաչ տարածքների «մահվան վկայականներ» են բաժանում

Հայաստան -- Բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան Երեւանի Ուսանողական այգում իրականացվող շինարարության դեմ, Երեւան, 14-ը մայիսի, 2010թ.

Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը «Մենք ենք այս քաղաքի տերը նախաձեռնության անդամները» լրագրողներին կանաչ տարածքների «մահվան վկայականներ» բաժանեցին, որտեղ նշվում էին Երեւանի բոլոր այն ծառերը, որոնք մի քանի ամսվա ընթացքում ոչնչացվել են ինչ-ինչ պատճառներով:

Բնապահպան ակտիվիստների հավաքած տվյալներով, այս տարվա ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Երեւանում հատվել, չորացվել, այրվել եւ կտրվել է ամենաքիչը 150 ծառ` չհաշված դելֆինարիումի կառուցման համար կտրված ծառերը:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստներն ասում են, որ հիմնական խնդիրը մնում են ոչ միայն առանձին այգիները, ծառերը, այլեւ հանրային տարածքների վերացումը, հանրության համար նախատեսված տարածքը մի ստորագրությամբ դառնում է ինչ-որ մեկի սեփականությունը:

«Խնդիրը միայն բնապահպանական չէ: Տարածքները, ըստ էության, օրինական իրենց տերերից` հանրությունից [վերցվում] սեփականաշնորհվում են», - նշեց նախաձեռնության անդամ Արթուր Աֆթանդիլյանը:

2010-ի ընթացքում նախաձեռնությունը անդրադարձել է 20-ից ավելի ծառահատման ու ապօրինի շինության դեպքերի եւ փորձել հրավիրել լիազոր մարմինների ուշադրությունը:

Երեւանի Ուսանողական այգում իրականացվող շինարարության դեմ 20 հազար քաղաքացիների ստորագրությամբ իշխանություններին ուղղված դիմումը մինչ այժմ չի ստացել որեւէ պատասխան:

Գլխավոր պողոտայի այգում մասնավոր ընկերության կողմից նախաձեռնված առեւտրի կենտրոնի շինարարությանը դեմ արտահայտված բնակիչների հետ համատեղ կազմակերպվել է ստորագրահավաք եւ սիմվոլիկ ծառատունկ:

«Վիշապի կոթողներ» այգում բնակիչները ստիպված են եղել սեփական ուժերով տեր կանգնել այգուն: Բնապահպանների խոսքով, այստեղ նախատեսվում է 18-հարկանի բնակելի շենք կառուցել, մինչդեռ` սեփականատիրոջը տրված փաստաթղթերով թույլատվում է շինարարություն սկսել միայն հանգստի գոտի կառուցելու համար: Այստեղ կարող է կտրվել 50-60 ծառ, տրակտորի տակ են հայտնվել 4000-ամյա վիշապաքարեր:

Ամփոփելով 2010-ը` «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենց գլխավոր ձեռքբերումը համարում են ոչ միայն որոշ տարածքների ու ծառերի փրկությունը, այլեւ մարդկանց մեջ պահանջատիրության զգացում արթնացնելը: Նրանց խոսքով` մարդիկ սկսել են հավատալ ու պայքարել բնության համար: