Փիթեր Բալաքյանը ներկայացրեց վերջին տարիներին հրատարակած գրքերը

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը (կենտրոնում) Գրողների միությունում ներկայացնում է իր նոր գրքերը: Ձախից` ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, աջից` բանաստեղծ Արտեմ Հարությունյանը: 16-ը դեկտեմբերի, 2010 թ.

Հինգշաբթի օրը ամերիկահայ անվանի գրող Փիթեր Բալաքյանը Հայաստանի գրողների միությունում ներկայացրեց Միացյալ Նահանգներում վերջին տարիներին հրատարակած գրքերը, ինչպես նաեւ «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների հայերեն ժողովածուն:
Առաջին անգամ Բալաքյանը Հայաստան էր եկել վեց տարի առաջ, երբ Արտեմ Հարությունյունի (ով նաեւ Բալաքյանի բանաստեղծությունների ժողովածուի թարգմանիչն է) թարգմանությամբ հրատարակվել էր նրա «Ճակատագրի սեւ շունը» գիրքը:

8 գրքերի հեղինակ Բալաքյանը արժանացել է տարբեր հեղինավոր մրցանակների: 2004 թվականին լույս տեսած «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն եւ Ամերիկայի արձագանքը» ծավալուն փաստավավերագրական աշխատությունը New York Times-ը ճանաչել էր «Տարվա նշանակալից գիրք»: 1998-ին «Ճակատագրի սեւ շունը» հուշագրությունը ճանաչվել էր «Տարվա լավագույն գիրք»:

«Ես բերել եմ իմ «Ճակատագրի սեւ շունը» նոր գիրքը` ավելացնելով երկու կարեւոր գլուխներ, որոնք նվիրված են Դեր Զորին: Երբ գնացի այդ անապատը, ֆիլմ նկարվեց, եւ այն սկսվում է, թե ինչպես են ոսկորները հանում այդ անապատային ավազներից` հայերի ոսկորներ: Եվ դա էական փոփոխություն է գրքիս մեջ», - Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց անվանի գրողը` հավելելով, որ այդ ֆիլմը ցուցադրվել է ամերիկյան եւ անգլիական հեղինակավոր հեռուստաընկերությունների եթերում եւ շուտով ցուցադրվելու է նաեւ Հայաստանում:

Բալաքյանը իր գրչընկերոջ` Արիկ Սեւակի հետ թարգմանել է ու հրատարակել է իր պապի եղբոր` Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը: Գրիգորիս եպիսկոպոսը մեկն էր այն 250 մտավորականներից, որոնք ձերբակալվեցին 1915 թվականի ապրիլի 24-ին, եւ որոնցից շատ քչերին (այդ թվում եւ Գրիգորիսին) հաջողվեց փրկվել:

«Այս գիրքը շատ մեծ արձագանք է գտել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլեւ ողջ աշխարհում` Լոնդոնում, Երուսաղեմում, Տորոնտոյում եւ այլուր», - ասաց Բալաքյանը:

Անցած աշնանը Բալաքյանը հրատարակել է «Զի Գուրաթ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ տեղ են գտել նրա հոգու արձագանքները` կապված նյույորքյան երկրնաքերերի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ:

Փիթեր Բալաքյանը, ով այս շաբաթ Երեւանում մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված երկօրյա միջազգային գիտաժողովին, նշեց, որ նման գիտաժողովները լուրջ դեր են խաղում` ողջ աշխարհում կանխարգելելու նման երեւույթները:

«Վերջին 20 տարիներին ես նվիրվել են հենց այդ առաքելությանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը եւ նպաստելու մարդկության դեմ իրականացվող ոճիրների կանխարգելմանը», - ասաց նա: