Մատչելիության հղումներ

Երեւանում ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտաժողով անցկացվեց


Լուսանկարները` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարները` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Երեքշաբթի օրը Երեւանում Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ սկսվեց ցեղասպանության վերաբերյալ երկօրյա միջազգային գիտաժողով:

Բացելով «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագիրը կրող գիտաժողովը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասաց. - «Նախկինում իրագործված ցեղասպանությունների համար քաղաքական տարբեր վարչակազմերի ու պետությունների անպատիժ մնալու, միջազգային հանրության կողմից չդատապարտվելու հանգամանքները հանգեցրել են նրան, որ մարդկությունը դեռեւս բախվում է նոր ցեղասպանությունների իրականացման սպառնալիքի հետ»:

«Հայոց ցեղասպանության դառը դասերը մարդկության պատմության եւ հիշողության մեջ չմնացին որպես լոկ անցյալի հուշեր, դրանց լրացնելու եկան Հոլոքոսթի սարսափները, Ռուանդայի, Դարֆուրի եւ բազմաթիվ այլ ողբերգություններ: Ցավոք, ժխտողականությունն ու ցեղասպանության ուրացումը դեռեւս շարունակում են տեղ գտնել մեր աշխարհում», - հավելեց նա:

Հայաստանի նախագահը ընդգծեց, որ ցեղասպանությունների կանխարգելմանը, դատապարտմանը եւ դրանց հետեւանքների վերացմանն առնչվող խնդիրները պետք է ընդգրկվեն միջազգային հանրության քննարկման օրակարգում:

Իր հերթին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ չնայած 20-րդ դարի երկրորդ կեսից միջազգային հանրությունը որոշ առաջընթաց է գրանցել ցեղասպանությունների կանխարգելման առումով, սակայն ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը «շրջված էջ չէ մարդկության համար»:

«Ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից` միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ցեղասպանության դատապարտման, կանխարգելման գործում: Այս միասնականության բացակայության հետեւանքով է, որ մարդկությունը ականատես է դառնում ցեղասպանության իրականացման նոր փորձերի», - ասաց Նալբանդյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի ձախողումից հետո պաշտոնական Երեւանը Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման գործում փոխել է իր մոտեցումը եւ, կարծես թե, ավելի վճռական է դարձել:

Երուսաղեմում գտնվող Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի տնօրենը Իսրայել Չառնին էլ ասաց, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ «երկրի մի մասը շատ բարոյական է, սակայն մյուս հատվածը հաշվենկատ է եւ ձգտում է հասնել իր քաղաքական նպատակներին»:

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է ունենա որեւէ նախապայման, եւ այս մոտեցմամբ ես միայնակ չեմ: Ուրախությամբ պետք է ասեմ, որ [Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում] մշակութային առումով մենք հաղթել ենք ճակատամարտը: Հայոց ցեղասպանությունը` ամբողջ խորությամբ եւ լայնորեն ճանաչվել է իսրայելցիների կողմից: Ես չեմ կարող ասել, որ [իսրայելական] թերթերում, հանդեսներում. ռադիոկայաններում, հեռուստաընկերություններում եւ կինոնկարներում առկա է [Հայոց ցեղասպանության] լուրջ հերքում: Եղել են, իհարկե, նման դեպքեր, սակայն դրանք շատ հազվադեպ են: Մշակութային առումով մենք հաղթել ենք, սակայն քաղաքական առումով մենք դեռ տանուլ ենք տալիս», - ասաց Չառնին:

Հայտնի թուրք պատմաբան, սոցիոլոգ Թաներ Աքչամը, ով Թուրքիան լքել է դեռևս 1970-ական թվականներին` քաղաքական եւ դատական հետապնդումների պատճառով եւ ներկայում դասախոսում է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի «Քլարկ» համալսարանում, ասաց, որ Թուրքիան անցում է կատարում բռնապետական ռեժիմից դեպի ավելի բաց` դեմոկրատական համակարգ, եւ ինքը փոփոխություն ակնկալում է նաեւ պատմությունը ընդունելու առումով:

«Ես վճռանականորեն կոչ եմ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որով Թուրքիայի հնարավորությունը` [հերքել ցեղասպանության փաստը], կվերանա: Այս պարագայում ես չեմ խոսում միայն Թուրքիայի մասով, մենք չպետք է թույլ տանք պետություններին ու կառավարություններին` ժխտել պատմական հանցանքները: Մենք չպետք է թույլ տանք, որ այն երկրները, որոնք հերքում են Հայոց ցեղասպանությունը կամ որեւէ այլ ցեղասպանություն, միջազգային արենայում լինեն դերակատար: Սա նաեւ կարեւոր է ցեղասպանությունների կանխարգելման առումով», - ասաց Աքչամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG