ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների համար մեղադրողը պահանջեց երեք տարվա պայմանական ազատազրկում

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ իր ճառում մեղադրող Հարություն Հարությունյանը ապացուցված համարեց առաջադրված մեղադրանքները եւ դատարանին միջնորդեց նրանց դատապարտել երեք տարվա ազատազրկման եւ պայմանականորեն չկիրառել` սահմանելով երեք տարվա փորձաշրջան:

Սարգիս Գեւորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու մեջ` «ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը»: Դավիթ Քիրամիջյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258 հոդվածով` «մի խումբ անձանց մասնակցությամբ կազմակերպված խուլիգանության» մեջ. դատարանում քննվող գործով նա միակ անձն է, որին մեղադրանք է առաջադրվել խմբով խուլիգանություն կատարելու համար:

Գեւորգյանը եւ Քիրամիջյանը իրենց մեղավոր չեն ճանաչում:

Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 20-ին: Նախատեսված է, որ կհրապարակվեն պաշտպանական ճառերը եւ Գեւորգյանի ու Քիրամիջյանի վերջին խոսքը, ինչից հետո դատավորը պետք է կայացնի դատավճիռ:

Քրեական գործը հարուցվել է մայիսի 31-ին Ազատության հրապարակ մուտք գործելու փորձ կատարելու հետեւանքով: Սարգիս Գեւորգյանի նկատմամբ իբրեւ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը։ Դավիթ Քիրամիջյանը մեկ ամիս կալանքից հետո ստորագրությամբ պարտավորվել է չհեռանալ բնակավայրից։


Անուշ Մարտիրոսյան