Հայաստանը հաղթեց մանկական «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում

Վլադիմիր Արզումանյանը շաբաթ ուշ երեկոյան հաղթող ճանաչվեց մանկական «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում:

Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը շաբաթ ուշ երեկոյան հաղթող ճանաչվեց Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում:

12-ամյա Վլադիմիրը հանդես եկավ իր իսկ հեղինակած «Մամա» երգով:

Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանը, երրորդը` Սերբիան:

Հայաստանը առաջին անգամ է հաղթում մանկական «Եվրատեսիլ»-ում, որին մասնակցում է 2007 թվականից, երբ «Արեւիկ» համույթը գրավեց երկրորդ տեղը: 2008 թվականին Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովան մրցույթում գրավել է 8-րդ տեղը, իսկ անցած տարի Լուարա Հայրապետյանը երկրորդն էր:

Վլադիմիր Արզումանյանը ծնունդով Ստեփանակերտից է, երաժիշտ-մանկավարժների ընտանիքից:

Մրցույթից հետո կայացած ասուլիսի ժամանակ Վլադիմիրը հայտնել է, որ անցած գիշեր երազ էր տեսել, թե ինչպես օրը լարված է անցնելու, բայց ի վերջո ինքը հաղթելու է. երազը, փաստորեն, իրականացավ:

Հարցին, թե ի՞նչ նվեր է ուզում իր հաղթանակի դիմաց, նա պատասխանել է. - «Եղբայր եմ ուզում, եւ մայրս խոստացել է դա, եթե հաղթեմ»:

Վլադիմիրը ասել է, թե իրեն աստղ չի համարում. - «Աստղերը միայն երկնքում են լինում, ես ընդամենը մարդ եմ»:

Մանկական «Եվրատեսիլ - 2010»-ի կայքէջի փոխանցմամբ` Վլադիմիր Արզումանյանը խոստովանել է նաեւ, թե իրեն դուր է գալիս մրցույթում Սերբիան ներկայացնող Սոնյան, եւ ինքը նախօրեին հայտնել է աղջկան այդ մասին:

Ասուլիսին մասնակցել է Վլադիմիրի մայրը, ով ասել է, որ անչափ երջանիկ է որդու հաջողության կապակցությամբ եւ այն մեծ հաղթանակ է համարում իրենց համար: