Հարություն Քուշկյան. « Ես անելու եմ իմ գործը ու աշխատելու եմ որպես նախարար»

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյան

Հայաստանի առողջապահության նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հարություն Քուշկյանը քաղաքական ենթատեքստում չի դիտարկում ո'չ իր ղեկավարած նախարարությանն ուղղված` վարչապետի քննադատությունները եւ ո'չ էլ նախարարության երեք պաշտոնյաների աշխատանքից ազատվելը: Այդ մասին նա հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Հինգշաբթի օրը իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը, օրեր առաջ էլ հրաժարական էին ներկայացրել փոխնախարարներ Աբրահամ Մանուկյանն ու Թաթուլ Հակոբյանը:

Սայադյանի աշխատանքից ազատվելը նախարարը բացատրեց պաշտոնավարման ժամկետի ավարտով. - «Ժամկետը արդեն լրացել էր` 8 տարի է արդեն աշխատում աշխատակազմի ղեկավար, երկրորդ անգամ էլ նշանակվել էր, ավարտվեց, դուրս եկավ, եւ նշանակվեց նոր աշխատակազմի ղեկավար` բուժվարչության պետը` Պողոսյան Վահանը»:

Փոխնախարարներ Աբրահամ Մանուկյանի ու Թաթուլ Հակոբյանի հրաժարականների առնչությամբ Քուշկյանը ասաց. - «Իրենք ազատվել են իրենց դիմումի համաձայն, առանձնապես բացատրություն չունեմ: Կադրային փոփոխություններ բոլոր գերատեսչություններում էլ, բոլոր հիմնարկներում էլ ժամանակ առ ժամանակ լինում են: Հիմա էլ իրենք որոշեցին անցնել այլ աշխատանքի: Դա իրենց որոշումն էր»:

Արձագանքելով Թաթուլ Հակոբյանի` մամուլին տված այն մեկնաբանությանը, թե իր եւ նախարարի հարաբերությունները լարված են եղել, Հարություն Քուշկյանը ասաց. - «Ես շատ խիստ ղեկավար եմ, ինձնից շատ մարդիկ նեղանում են, որովհետեւ ես իրենց հաճախ պատժում եմ այս կամ այն գործառույթը լավ չկատարելու համար»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը , կառավարության նոյեմբերի 4-ի նիստում հայտարարելով, թե կրթության ու գիտության, ինչպես նաեւ առողջապահության ոլորտներում կոռուպցիան խորացել է, պահանջեց տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել վարչապետին` «ընդհուպ մինչեւ կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից, ավարտված նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներում մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երեւույթների դեմ»: Վարչապետը նաեւ հայտարարեց, որ եթե վիճակը չշտկվի, կդիմեն ավելի կտրուկ քայլերի:

Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները հաջորդեցին այս հայտարարությանը:

Հարություն Քուշկյանը հաստատեց, որ հրաժարական ներկայացրած փոխնախարարները անկուսակցականներ էին, իսկ Հանրապետական կուսակցությանն անդամակցող իր երկու տեղակալները շարունակում են պաշտոնավարել: «Դա կարելի՞ է դիտարկել արդեն քաղաքական ենթատեքստում», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին նախարարը արձագանքեց. - «Չէ, դա բացարձակապես կուսակցության հետ կապ չունի: Ուղղակի իրոք իրենք ցանկացել են ուրիշ ոլորտում աշխատել»:

Առողջապահության նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Գագիկ Սայադյանը հանրապետական է:

Հարցին, թե հենց այս պաշտոնյանե՞րը կապ ունեին վարչապետի մատնանշած «նեգատիվ երեւույթների» հետ, եւ արդյոք ուղիղ կապ կա՞ այս հրաժարականների ու վարչապետի հայտարարությունների միջեւ, առողջապահության նախարարը պատասխանեց. - «Ես չեմ ուզում ուղիղ կապեմ: Ես ուղղակի կխնդրեի չսեւեռվել այս` պաշտոնանկություն, կամ մեկը ինչ-որ գործից ազատվել է … որովհետեւ դա' կարեւոր չի, կարեւորը այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել ու ինչ արել ենք այս 3 տարվա ընթացքում»:

Հարություն Քուշկյանը տեղեկացրեց, որ նախապատրաստում են անհրաժեշտ առաջարկները` պահանջված տասնօրյա ժամկետում վարչապետին ներկայացնելու համար:

Իսկ հնարավո՞ր է, որ Հանրապետական կուսակցությանն անդամակցող վարչապետի քայլերը իրեն են ուղղված եւ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան»-ին հարվածելու միտում ունեն, - այս հարցին առողջապահության նախարարը պատասխանեց, որ նման միտում չի տեսնում, քանի որ վարչապետը կառավարության նիստում քննադատել է նաեւ «Օրինաց երկիր», Հանրապետական կուսակցություններին անդամակցող նախարարների ղեկավարած գերատեսչությունների աշխատանքը:

«Ես այդպես չեմ դիտարկում, որովհետեւ հարված ընդհանրապես չեմ տեսնում: Հետո, մենք կոալիցիոն կառավարություն ենք: Այսինքն` ասվել է բոլորին, որպեսզի բոլորը է'լ ավելի արդյունավետ աշխատեն, ավելի ուշադիր լինեն: Իրոք, ես համաձայն եմ այդ ամեն ինչի հետ, որ պետք է ավելի ինտենսիվացնել աշխատանքը, ու պարտավոր ենք, եթե երկրի բարձրագույն ղեկավարությունը հրահանգում է, այդ ամեն ինչը կատարել ու ավելի մեծ արդյունքների հասնել», - ասաց Հարություն Քուշկյանը:

Առողջապահության նախարարը կտրականապես հերքեց առաջիկայում իր հնարավոր հրաժարականի եւ այլ նախարար նշանակելու մասին խոսակցությունները` վստահեցնելով. - «Չէ, չէ, բացարձակապես, դա, հավատացեք ինձ, ոչ մի հիմք չունի, ուղղակի խոսակցություն է: Ես անելու եմ իմ գործը ու աշխատելու եմ որպես նախարար»: