Մատչելիության հղումներ

Վարչապետը նախարարություններին քննադատում է կոռուպցիայի համար


Կառավարության նիստ
Կառավարության նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում խստորեն քննադատեց գյուղատնտեսության, ֆինանսների, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ առողջապահության նախարարություններին` պարտականությունների ոչ պատշաճ կատարման եւ կոռուպցիայի համար:

Ներկայացնելով վարչապետի վերահսկողության ծառայության բացահայտած թերացումները գյուղնախարարությունում` Տիգրան Սարգսյանը շեշտեց. - «Այլեւս հանդուրժելի չէ նման աշխատաոճը: Գյուղնախարարը արդեն իսկ աշխատանքից հեռացրել է լիցենզավորման վարչության պետին, եւ ես հանձնարարում եմ ձեզ, պարոն նախարար, որ լուծեք նաեւ բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը»:

Ստուգումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին անտոկոս վարկերով ապահովելուն ուղղված ծրագիրը արդեն 2 տարի իրականացվում է լրջագույն բացթողումներով:

«Այդ գործառույթները իրականացնող սուբյեկտները իրենց պարտականությունները պատշաճ ձեւով չեն կատարել: Խոսքը գնում է նաեւ այն ծրագրերի իրականացման գործակալության մասին, որը գտնվում է ֆինանսների նախարարության կազմում», - հայտարարեց վարչապետը` ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին հանձնարարելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ կադրային լուծումներ տալ:

Կոռուպցիան խորացել է կրթության եւ գիտության, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում` հայտարարեց Տիգրան Սարգսյանը` վկայակոչելով վերլուծական նյութերը, որոնք դարձել են հանրության համար հասանելի, ինչպես նաեւ կառավարության վերահսկողական ծառայությունների կատարած աշխատանքները: Այս երկու գերատեսչություններին վարչապետը հանձնարարեց 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկներ` վեր հանված խնդիրները լուծելու համար:

«Ես միշտ ասել եմ, որ այդպիսի խնդիրներ կան բուսասանիտարիայում, այդ մասին զեկուցել էի ե՛ւ վարչապետին, եւ հանրապետության նախագահին», - նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը. - «Հիմա արդեն այդ խնդիրների վերջնական լուծման մեխանիզմ ենք որոնում»:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը արձանագրեց. - «Ցավոք սրտի այսօր իրավական գործիքները թերի են կիրառվում, կամ թույլ են, եւ նախարարությանը, կամ այլ գերատեսչություններին թույլ չեն տալիս ավելի կտրուկ քայլերի դիմել»:

Նախարարը նաեւ ասաց, որ որոշակի կադրային փոփոխություններ են արվելու այն ուսումնական հաստատություններում, որոնց ղեկավարները «ունակ, պիտանի չեն լինի պայքարելու մեզ հետ միասին»:

Այսօրվա նիստում վարչապետը հայտարարեց նաեւ, որ եթե իրավիճակը չշտկվի, կդիմեն ավելի կտրուկ քայլերի:

Տիգրան Սարգսյանը առաջին անգամ կոռուպցիան «համար 1 թշնամի» էր հայտարարել դեռ 2008 թվականի ամռանը, երբ դեռ նոր է ստանձնել վարչապետի պաշտոնը: Այդուհանդերձ, թե՛ կառավարությունը, թե՛ այս խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունները առայժմ կոռուպցիայի դեմ պայքարի գործում լուրջ առաջընթաց չեն գրանցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG