Էռնեստ Վարդանյան. «Իմ կողքին մնացել են միայն հայ բարեկամներս»

Էռնեստ Վարդանյան
«Իմ կողքին մնացել են միայն հարազատ հայ բարեկամներս», - գրել է Մերձդնեստրում անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը:

Դիմումում, որը տարածվել է իր իսկ խնդրանքով, հայազգի լրագրողը արտահայտում է իր հիասթափությունը Մոլդովայի տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունից, Մոլդովայի քաղաքական կուսակցություններից, Մերձդնեստրի լրագրողներից` իրեն աջակցություն չցուցաբերելու համար:

«Ինչպես եւ մտածում էի, իմ կողքին մնացել են միայն հարազատ հայ բարեկամներս: Վախենում եմ, որ նրանց ուժերը եւ ժամանակը չեն բավարարի` իրոք օգնելու ինձ», - գրում է Էռնեստ Վարդանյանը` հավելելով. - «Ո՞վ կօգնի մի իրավիճակում, երբ ես, միամտորեն հավատալով ավելի լավին, տվեցի ինքնախոստովանական ցուցմունքներ` բարեխղճորեն փորելով գերեզմանս: Ո՞վ ինձ կօգնի, եթե ես ամբողջովին կտրված եմ նորմալ կյանքից, անօգնական եմ եւ իրավազուրկ»:

Լրագրողը իրեն կարեկցողներին խնդրում է օգնել իր ընտանիքին:

Ծնունդով գյումրեցի 30-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Լրագրողին ներկայացված լրտեսության եւ պետական դավաճանության մեղադրանքը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում։ Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը օրերս երկարաձգվել է եւս կես տարով, եւ գործը ուղարկվել է դատարան:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի