Հայաստան - Անդորրա` 4:0. Հայաստանը` B խմբի առաջատարների թվում

Your browser doesn’t support HTML5

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ եւ առաջին խոշոր հաշվով հաղթանակը, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում երեքշաբթի օրը 4:0 հաշվով առավելության հասնելով Անդորրայի թիմի նկատմամբ:

Գոլերը խփեցին Գեւորգ Ղազարյանը` 4-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանը` 16-րդ րոպեին, Յուրա Մովսիսյանը` 33-րդ րոպեին, Մարկոս Պիզելին` 52-րդ րոպեին:

Հայաստանի ազգային հավաքականը առաջին անգամ մեկ խաղում մեկ գոլից ավելի խփեց, իսկ Գեւորգ Ղազարյանի խփած գնդակը Հայաստանի թիմի 100-րդ գոլն է պաշտոնական հանդիպումներում:

Ընտրական մրցաշարի 3-րդ փուլում Հայաստանը 3:1 հաշվով հաղթել էր Սլովակիայի ուժեղագույն թիմին:
B խմբի մրցաշարային աղյուսակը Մակեդոնիա - Ռուսաստան եւ Սլովակիա - Իռլանդիա հանդիպումների ավարտից առաջ


Անդորրայի հետ հանդիպման ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը գրեթե լեփ -լեցուն էր: Ինչպես եւ նախորդ հանդիպմանը, այս խաղին եւս տրիբունայից հետեւում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի թիմը ընտրական մրցաշարի 4-րդ փուլից հետո 7 միավորով ժամանակավորապես գլխավորեց ընտրական B խմբի մրցաշարային աղյուսակը, ինչը աննախադեպ փաստ է ֆուտբոլային նման կարգի մրցաշարերին Հայաստանի ազգային հավաքականի մասնակցության պատմության մեջ:

Այդուհանդերձ, ժամեր անց Ռուսաստանի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Մակեդոնիային եւ 9 միավորով զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Իռլանդիան, Հայաստանը եւ Սլովակիան 7-ական միավորով կիսում են երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերը: B խմբի մրցաշարային աղյուսակի այս տեսքը կպահպանվի մինչեւ 2011 թվականի մարտի վերջը, երբ նախատեսված են 5-րդ փուլի հանդիպումները:

Ընտրական մրցաշարի հաջորդ հանդիպումը նույնպես Հայաստանի հավաքականը կանցկացնի Երեւանում` եկող տարվա մարտի 26-ին ընդունելով Ռուսաստանի թիմին: