Ազգային ժողովը արտահերթ քննարկում է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու օրինագիծը

Հայաստանի Ազգային ժողովը այսօր ժամը 14:30-ին սկսեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգություն» խմբակցության օրինագծի արտահերթ քննարկումը:

Նախագիծը խորհրդարանի նիստում ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Գլխադասային` արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել նախագծին, եւ «Ժառանգություն» խմբակցությունը սեպտեմբերի սկզբին արտահերթ է ճանաչել օրինագծի քննարկումը` հաղորդելով, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 104.2 եւ 35 հոդվածների համաձայն, այն առանց քվեարկության ներառվում է ԱԺ նստաշրջանի օրակարգում եւ ենթակա է արտահերթ կարգով քննարկման հոկտեմբերի 4-10-ի քառօրյայի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում` հոկտեմբերի 5-ին, ժամը 14:30-16:00»:

Օրինագծի 1-ին հոդվածով` «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

«Ժառանգության» պատգամավորների կողմից օրինագիծը շրջանառության մեջ է դրվել 2009 թվականի հոկտեմբերի 15-ին: Գլխադասային հանձնաժողովում օրինագծի քննարկումը, իսկ դրա հիման վրա էլ` Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում հարցի ընդգրկումը բազմիցս հետաձգվել էր:


Կարինե Քալանթարյան