Մատչելիության հղումներ

«Ժառանգություն». «Ղարաբաղի անկախությունը ճանաչելու օրինագիծը Ազգային ժողովում կքննարկվի հոկտեմբերի 5-ին»


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը արտահերթ է ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը, «ժառանգություն» կուսակցության գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն, Ազգային ժողովում արտահերթ կքննարկվի հոկտեմբերի 5-ին:

«Ժառանգություն» խմբակցությունը այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին է ուղարկել իր որոշումը, որի համաձայն` պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը ճանաչվել է արտահերթ:

Օրինագծի 1-ին հոդվածով` «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 104.2 եւ 35 հոդվածների համաձայն, այն առանց քվեարկության ներառվում է ԱԺ նստաշրջանի օրակարգում եւ ենթակա է արտահերթ կարգով քննարկման հոկտեմբերի 4-10-ի քառօրյայի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում` հոկտեմբերի 5-ին, ժամը 14:30-16:00», - ասված է կուսակցության հաղորդագրությունում:

«Ժառանգության» պատգամավորների կողմից օրինագիծը շրջանառության մեջ է դրվել 2009 թվականի հոկտեմբերի 15-ին: Օրենքի նախագծի համար գլխադասային նշանակված արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում օրինագծի քննարկումները, իսկ դրա հիման վրա էլ` Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում հարցի ընդգրկումը բազմիցս հետաձգվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG