Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Դինքի գործով Եվրադատարանի վճիռը

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Հրանտ Դինքի եւ նրա ընտանիքի հայցերը բավարարելու մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` երեքշաբթի օրը կայացրած վճիռը:

«Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորում է Դինքի ընտանիքին` Հրանտ Դինքից ժառանգած գործն այդպես խիզախորեն շարունակելու եւ օրենքի իշխանության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում նրա հետքերով ընթանալու համար», - հայտարարել է Համագումարի խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը:

Համոզմունք հայտնելով, որ «դատարանի վճռին պետք է հետեւի Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածի վերացումը», Հովնանյանը անհրաժեշտ է համարել Թուրքիայի ջանքերը Եվրամիության հետ բանակցություններում ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, քաղաքացիական ազատություններին, ազգային եւ կրոնական հանդուրժողականությանը: «Թուրքիայի հայ փոքրամասնության, հարեւան Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ աշխարհի հայության համար դա ենթադրում է նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում եւ դրա հետեւանքների վերացում: Լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Հայաստանի նկատմամբ շրջափակման վերացումը երկու կոնկրետ քայլեր կլինեին ճիշտ ուղղությամբ», - Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն` ասել է Հրայր Հովնանյանը: