Մատչելիության հղումներ

Եվրադատարանը Թուրքիային մեղավոր ճանաչեց Հրանտ Դինքի գործով


Հրանտ Դինք
Հրանտ Դինք

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի սպանության գործով` բավարարելով դատարան ներկայացված հայցը։ Երեքշաբթի օրը կայացված որոշման մասին հաղորդեց CNN Turk հեռուստաընկերությունը։

Ստրասբուրգում տեղակայված Եվրադատարան երկու հայց էր ներկայացվել։

Դատական հետապնդումների ենթարկվող Հրանտ Դինքը Թուրքիայի դեմ հայց էր ներկայացրել` բողոքարկելով «թուրքերի ինքնությունը վիրավորելու» իր դեմ հարուցված քրեական գործը։

2007 թվականին, «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունից հետո, Դինքի ընտանիքը եւս հայց էր ներկայացրել Եվրադատարան` մեղադրելով Թուրքիայի իշխանություններին լրագրողի կյանքի իրավունքը չպաշտպանելու մեջ։

Եվրադատարանը Թուրքիային երկու մեղադրանքներով մեղավոր է ճանաչել, ինչպես նաեւ որոշում է ընդունել, որ Թուրքիայի կառավարությունը որպես փոխհատուցում պետք է ավելի քան 130 հազար եվրո վճարի Դինքի ընտանիքին, եւս ավելի քան 28 հազար եվրո` դատական ծախսերի համար:

«Անադոլու Քուլտուր» մշակույթային կենտրոնի ղեկավար Օսման Քավալան երեքշաբթի օրը Ստամբուլում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թուրք հասարակությունը սպասում էր այս վճռին:

«Մենք սպասում էինք նման որոշման, քանի որ գիտեինք, որ իշխանությունները հստակ պատասխանատվություն էին կրում Հրանտ Դինքին չպաշտպանելու համար` իմանալով, որ նրա կյանքը անմիջական սպառնալիքի տակ է», - նշեց Քավալան: - «Մենք նաեւ բավարարված չէինք սպանությանը հետեւած հետաքննությամբ: Այս իմաստով կարող եմ ասել, որ թեեւ ես չեմ կարդացել որոշումն ամբողջությամբ, բայց կարծում եմ, որ այն ճիշտ է»:

Քավալան վստահ է, որ Եվրադատարանի որոշումը ուղերձ է Թուրքիայի իշխանություններին` հետագայում ավելի լուրջ վերաբերվելու նման դեպքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG