Համանախագահների հայտարարությունները մտահոգում են ՀԱԿ-ին

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների սեպտեմբերի 6-ի եւ 9-ի հայտարարությունների առթիվ, որոնք, մասնավորապես, վերաբերում են «դաշտային գնահատման առաքելության այցին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ»։

«Նման առաքելություն հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում` եթե առկա է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությունը», - ընդգծում է ընդդիմադիր շարժման արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

«Այսպիսի մի փաստահավաք առաքելություն այցելել էր տարածաշրջան 2005 թվականին` ներկայացնելով զեկույց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին։ Ի հեճուկս հայկական կողմի ջանքերի, այդ առաքելությունը չէր այցելել Ադրբեջանի կողմից զավթված շրջաններ` սահմանափակվելով միայն Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքների դիտարկմամբ», - հիշեցնում է ՀԱԿ-ի հանձնաժողովը եւ Ղարաբաղի իշխանություններին կոչ անում «թույլ տալ առաքելության այցելությունը տարածաշրջան միայն այն դեպքում, եթե առաքելությունը կդիտարկի նաեւ Ադրբեջանի կողմից զավթված Լեռնային Ղարաբաղի տարածքները»։

«Հայաստանը իր կողմից պետք է քաղաքական աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների պահանջին եւ ապահովի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դրական պատասխանը», - ասված է ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում: