«Պայմանագրի ձեւակերպումները պայմանավորված են ռազմական պլանավորման ռազմավարական բնույթով»

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում նշեց, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին օրերս ստորագրված արձանագրությամբ Ռուսաստանն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը` «անկախ այն հանգամանքից, թե որտեղից կբխի սպառնալիքը»:

Օգոստոսի 20-ին Երեւանում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների ներկայությամբ ստորագրված վերոհիշյալ արձանագրության համաձայն` «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

Սեյրան Օհանյանը եւ ՌԴ Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը ռազմակայանին վերաբերող արձանագրությունը ստորագրելուց հետո: Երեւան, 20-ը ապրիլի, 2010 թ.
«Նախկին պայմանագրում նշվում էր, որ Ռուսաստանի Դաշնության ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանելուց բացի, Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը` նախկին ԽՍՀՄ սահմանի երկայնքով, ինչը կորցրել էր իր արդիականությունը»,- պարզաբանեց պաշտպանության նախարարը` շարունակելով. - «Փոխարենը պայմանագրի ներկա ձեւակերպումները պայմանավորված են ռազմական եւ ֆինանսատնտեսական պլանավորման ռազմավարական բնույթով, ռազմական ոլորտում երկարաժամկետ ներդրումային քաղաքականությամբ, Հայաստանի եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ հայ-ռուսական համատեղ պլանավորման շարունակականությամբ»:
Եթե Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված սպառնալիքը վերաճի Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական սպառնալիքի, ապա չեմ կասկածում, որ Ռուսաստանի Դաշնությունը կկատարի իր դաշնակցային եւ պայմանագրային պարտավորվածությունները...


Հարցին, թե ստորագված փաստաթուղթն արդյոք նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը ռազմական աջակցություն ցույց կտա Հայաստանին` Պաշտպանության նախարարը արձագանքեց. - «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված հնարավոր սպառնալիքներին, ապա պետք է նշեմ, որ ավելի քան երկու տասնամյակ ինքնորոշված Արցախի ժողովրդի անվտանգության եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե որեւէ այլ երկիր: Միաժամանակ պետք է ասեմ հետեւյալը` այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված սպառնալիքը վերաճի Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական սպառնալիքի, ապա չեմ կասկածում, որ Ռուսաստանի Դաշնությունը կկատարի իր դաշնակցային եւ պայմանագրային պարտավորվածությունները»:


«ՀՀ Զինված ուժերը գտնվում են մշտապես պատրաստ վիճակում»

Հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, Օհանյանի խոսքով, հայկական կողմից «երբեք չի բացառվել». - «Խաղաղություն ցանկացողը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի, եւ այս տրամաբանությամբ էլ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը գտնվում են մշտապես պատրաստ վիճակում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զարգացումը մենք չենք պայմանավորում հարեւան Ադրբեջանի Զինված ուժերի կարողությունների առկայությամբ կամ դրանց բացակայությամբ»:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության ռուսական С-300 համալիրների վաճառքի վերաբերյալ տեղեկություններին անդրադառնալով` Հայաստանի պաշտպանության նախարարը ասաց. - «Ցանկացած սպառազինության ձեռքբերում ազդում է մեր տարածաշրջանի ուժերի հավասարակշռության վրա: Միաժամանակ պետք է նշեմ, որ հակաօդային պաշտպանության C-300 համակարգերի ձեռքբերումը ուղղակիորեն չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հարաբերակցության վրա, քանի որ դրանց կիրառումը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի դեմ հնարավոր բոլոր սցենարներում էլ կլինի անարդյունավետ: Մի պարզ պատճառով` որ այդ համակարգերին մենք առավել ծանոթ ենք, դրանք շահագործում ենք բավականին երկար ժամանակ եւ գիտենք նման համակարգերի արդյունավետության նվազեցման հնարավորությունները»:

Հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը բարձրացրել է այդ հարցը վերջերս կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, Սեյրան Օհանյանը պատասխանեց. - «Քանի որ պաշտոնական դիրքորոշում այդ ուղղությամբ չի եղել, նաեւ պաշտոնական առումով այս իրավիճակում քննարկումներ չեն եղել»:

Նախարարը հավելեց, թե չի կարծում, որ եթե ռուս- ադրբեջանական այդ գործարքը կայանա, այն ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա:

«Որովհետեւ մենք ռազմավարական գործընկերներ ենք, մենք միեւնույն ռազմաքաղաքական համակարգի անդամներ ենք, եւ մեր համագործակցությունը բավականին սերտ է: Նաեւ փոխադարձ պատրաստակամություն կա ցանկացած անվտանգության վերաբերյալ խնդիրների իրականացման ժամանակ փոխօգնության», - փաստարկեց նա:

C-300 հակահրթիռային համալիրները:
Հարցին, թե Հայաստանի Զինված ուժերի արդիականացումը, որում շեշտը դրվելու է հեռահար ու գերճշգրիտ զինատեսակների վրա, որքանով կնպատի երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, եւ արդյոք դա կապված է Ադրբեջանի կողմից C-300 համալիրների հնարավոր ձեռք բերման հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. - «Հայաստանի զինված ուժերը գերժամանակակից սպառազինությամբ համալրելու ծրագրերը կապված չեն C-300 համակարգերի ձեռք բերման մասին ասեկոսեների հետ, քանի որ, ինչպես նշեցի, այդ համակարգերը Ադրբեջանի ուժերին չեն տա անհրաժեշտ ռազմավարական առավելություն: Հայաստանի Հանրապետության սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման հայեցակարգային զարգացումներն ունեն մի քանի պատճառներ: Առաջինը, թեեւ ձեռք բերման սկզբնական փուլերում կպահանջվեն զգալի ֆինանսական միջոցներ, սակայն երկարաժամկետ հեռանկարում այդ համակարգերի ձեռք բերումը տնտեսապես առավել նպատակահարմար է: Երկրորդը, նման սպառազինությունների ձեռք բերումը եւ հետագա շահագործումը պահանջում է բարձր տեխնիկական գիտելիքներով օժտված անձնակազմ: Այսինքն` ստեղծվում է արդիական գիտելիքներով օժտված մասնագետների երկարաժամկետ պահանջարկ երկրի ներսում: Երրորդը, հեռահար ու գերճշգրիտ համակարգերի օգտագործումը հնարավորություն է տալիս հավանական պատերազմի դեպքում նվազեցնել զոհերի թիվը նույնիսկ հակառակորդի քաղաքացիական բնակչության շրջանում` միաժամանակ ապահովելով նրա ռազմավարական օբյեկտների արագ ու ճշգրիտ խոցումը գործողությունների վարման տարածքի ամբողջ խորությամբ: Եվ վերջինն ու թերեւս ամենակարեւորը` այս սպառազինությունների կիրառումը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում, առկա այլ համակարգերի հետ համատեղ, իրոք, նպաստում է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը, ամրապնդում է ռազմավարական զսպման համակարգը»:

«Մեղքը ընկած է տվյալ զորամասերի կրտսեր եւ ավագ հրամանատարական կազմի վրա»

Անդրադառնալով վերջին շրջանում բանակում տեղ գտած ողբերգական միջադեպերին` Սեյրան Օհանյանը ասաց. - «Իհարկե, ցավալի դեպքեր եղան Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մի քանի զորամասերում: Հիմնականում մենք կարծում ենք, որ մեղքը ընկած է տվյալ զորամասերի կրտսեր եւ ավագ հրամանատարական կազմի վրա, որտեղ դաստիարակչական աշխատանքները ոչ պատշաճ մակարդակի վրա են դրված: Եվ ամենակարեւորը` ցածր մակարդակի վրա էր վերահսկողությունը: Տեղի ունեցած դեպքերի հետաքննության եւ մեղավորների հետ տարված աշխատանքների ժամանակ մենք կրկին անգամ հավաստիացանք բարեփոխումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտության մեջ: Եվ մեր այսօրվա որդեգրած բարեփոխումները, կարծում եմ, կտան այն արդյունքները, որ մենք ենք ակնկալում, եւ նաեւ հասարակությունն է ակնկալում»: