«Վանաձոր-Քիմպրոմը» վերագործարկում է փակված արտադրամասերը

Վանաձորի քիմիական գործարանը մեկուկես տարվա հարաբերական դադարից հետո վերագործարկում է փակված արտադրամասերը, հետ է կանչում պարապուրդի մատնված աշխատակիցներին։
Հուլիսի վերջից Վանաձորի քիմիական գործարանը՝ «Վանաձոր-Քիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությունը, վերագործարկել է կարբիդի արտադրամասը։ Ընկերությունում արտադրվում են նաեւ արհեստական քարեր։ Գործում է աղետի գոտու բնակարանաշինության մեջ օգտագործվող շինանյութերի արտադրություն։

Առաջիկայում, Հայաստանի կառավարության հետ բանակցությունների արդյունքում, «Վանաձոր-Քիմպրոմը» պատրաստվում է կազմակերպել ամսական հազար տոննա կալիումական պարարտանյութի արտադրությունը։

Հայաստանը պետբյուջեի սուբսիդավորմամբ տարեկան ձեռք է բերում 20-25 հազար տոննա ազոտական պարարտանյութ, որը հիմնականում ներկրվում է հարեւան Վրաստանից։ Դեռ նախորդ տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստ է կալիումական պարարտանյութերը ձեռք բերել «Վանաձոր-Քիմպրոմից»։ Դա հիմնականում կլուծեր գործարանի զբաղվածության խնդիրը՝ միաժամանակ պետությանն ազատելու այն ներկրելու պարտականությունից։

Չունենալով անհրաժեշտ միջոցներ այսպիսի արտադրություն կազմակերպելու համար՝ «Վանաձոր-Քիմպրոմը» անցած տարի դիմել էր կառավարությանը եւ խնդրել Ռուսաստանից ստացված 500 միլիոն դոլարի կայունացնող վարկից մոտ 3 միլիոն դոլար վարկ հատկացնել գործարանին։ Սակայն կառավարությունը մերժել էր ընկերության դիմումը։

Մեկուկես տարվա հարկադիր պարապուրդից հետո «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության սեփականատերը՝ ռուսաստանյան «Ռոդինգ Լիմիտեդ Ինտերնեյշնլ» ընկերությանը այս տարի միջոցներ է հայթայթել ներդրումներ կատարելու եւ փակված արտադրամասերը վերագործարկելու համար։

Ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նախատեսվում է կալիումական պարարտանյութի արտադրությունը ավելացնել մինչեւ 25 անգամ։

«Բացի հայկական ու վրացական շուկաներից, պահանջարկ կա նաեւ եվրոպական շուկայում: Հիմա աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Սնեգիրյովը:

Տնտեսական պատկանող 830 աշխատակիցների մեծ մասը՝ շուրջ 600 հոգի, հարկադրված պարապուրդի էին մատնվել։ Կարբիդի եւ կալիումական պարարտանյութերի արտադրամասերի գործարկման արդյունքում պարապուրդի մատնված աշխատակիցները կապահովվեն աշխատանքով։ Ընկերության տնօրենը վստահեցնում է, որ աշխատողների թիվը ավելանալու է, իսկ «Վանաձոր-Քիմպրոմը» ազատվելու է տարիներով կուտակված պարտքերից:

Վանաձորի ամենախոշոր հարկատուն՝ «Վանաձոր Քիմպրոմը», ավելի քան 60 միլիոն դրամ գույքահարկ ու հողի հարկ է պարտք Վանաձորի քաղաքապետարանին:

Ընկերությունը կուտակել էր նաեւ աշխատավարձի պարտքեր։ Սնեգիրյովն ասում է, թե անցած ամիսների աշխատավարձի պարտքն արդեն մարել են, մնացել է երկու ամսվա աշխատավարձի պարտք՝ շուրջ 60 միլիոն դրամ: