Իրանում մահապատժի դատապարտված կինը հեռուստատեսությամբ խոստովանել է իր մեղքը

Իրանում ամուսնական անհավատարմության համար մահապատժի դատապարտված Սակինե Մոհամադի Աշտիանին երկրի հանրային հեռուսատեսության եթերում իր մեղքը ադրբեջաներեն է խոստովանել:

Իրանական լրատվամիջոցների հաղորդման համաձայն` նա ադրբեջանցի է:

Նա խոստովանել է, որ ներքաշված է եղել ամուսնու մահվան գործում, նաեւ` որ հարաբերություններ է ունեցել ամուսնու զարմիկի հետ:

Իրանական հեռուստատեսությունը հեռարձակել է նաեւ Իրանի Արեւելյան Ադրբեջանի նահանգի դատախազ Մալեք Աջդար Շարիֆիի խոսքերը, թե «Սակինեն ամուսնուն քնաբեր է ներարկել, այնուհետեւ ժամանել է տղամարդը, տեղափոխել է նրա ամուսնուն բաղնիք եւ երկու էլեկտրալար միացրել նրա մարմնին ու սպանել նրան»:

Սակինե Մոհամադի Աշտիանիին դատարանը մահապատժի է դատապարտել` քարկոծման միջոցով: Սակայն պատժի կիրառման ընթացքն այժմ սառեցված է:

Երիտասարդ կնոջ փաստաբանները կտրականապես հերքում են այդ խոստովանությունը, հայտարարելով, թե այն ստացվել է ճնշումների միջոցով:

Նրա փաստաբաններից մեկը` Մոհամադ Մոստաֆային Իրանից փախել է հուլիսի վերջին, քանի որ, ինչպես նա է պնդում, իր մասնագիտական գործունեության պատճառով հետապնդվում էր իրանական անվտանգության ուժերի կողմից:

Իրանցի փաստաբանը համոզված է, որ Իրանի դատարանը իր պաշտպանյալի նկատմամբ ոչ համարժեք պատիժ է նշանակել:

Սակինե Մոհամադի Աշտիանիի գործը միջազգային հնչեղություն է ստացել: Օրերս նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Իրանի իշխանություններին կոչ արեց` կնոջ նկատմամբ չկիրառել մահապատիժ: