Մատչելիության հղումներ

Իրանում մահապատժի դատապարտված կնոջ փաստաբանը միջազգային աջակցություն է փնտրում


Փաստաբան Մոհամադ Մուստաֆայի
Փաստաբան Մոհամադ Մուստաֆայի

«Ես պարսկուհի Սակինե Մոհամադի Աշտիանիի փաստաբանն եմ: Ես փախել եմ Իրանից, որովհետեւ պաշտպանում էի մի կնոջ, ով մեղադրվում էր ամուսնական դավաճանություն կատարելու համար: Նա դատապարտվել է մահապատժի` քարկոծման միջոցով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է փաստաբան Մոհամադ Մոստաֆային:

Փաստաբանը հուլիսի վերջին ստիպված է եղել լքել Իրանի տարածքը, որովհետեւ իր մասնագիտական գործունեության պատճառով կնոջը, ինչպես նաեւ նրա եղբորը Իրանի իրավապահները ձերբակալել են: Իրանում է մնացել նաեւ նրա 7-ամյա դուստրը: Փաստաբանն այժմ Թուրքիայում է, բայց ապաստան է խնդրել ՄԱԿ-ից, ասում է` ստիպված էր դա անել, քանի որ հետապնդվում է, չնայած որեւէ անօրինական արարք չէր կատարել` ընդամենը ցանկացել էր ուրիշին օգնել:

Իրանցի փաստաբանը համոզված է, որ Իրանի դատարանը իր պաշտպանյալի նկատմամբ ոչ համարժեք պատիժ է նշանակել: Մոհամադ Մոստաֆային ասում է, որ ինքը հենց այդ նկատառումներից ելնելով է որոշել իրանցի կնոջ պատմությանը հրապարակային դարձնել` ճնշում գործադրելու եւ կնոջը քարկոծումից փրկելու նպատակով:

Իրանցի փաստաբանը մոտ 4 տասնյակ դեպքերում պաշտպանել է նաեւ մահապատժի դատապարտված անչափահասների շահերը, նրանցից 18-ի կյանքը, պաշտպանական մարտավարության շնորհիվ, հնարավոր է եղել փրկել, 4-ի նկատմամբ, այնուամենայնիվ, կիրառվել է մահապատիժը:

Հարցին` «հիմա ի՞ նչ է սպասում ձեր պաշտպանյալին, երբ դուք ստիպված եք եղել լքել Իրանը», Մոհամադ Մոստաֆային պատասխանել է. - «Ես չգիտեմ ինչ անել հիմա, բայց համոզված եմ, որ եթե ստանամ միջազգային աջակցություն, անգամ երկրի սահմանների դուրս կկարողանամ ներկայացնել նրանց շահերը»:

43-ամյա Սակինե Մոհամադի Աշտիանիի նկատմամբ նշանակված մահապատժի գործընթացը այս պահին սառեցված է:

Նախօրեին ի պաշտպանություն պարսկուհու աշխարհի 32 երկրներում իրավապաշտպանները բողոքի ակցիաներ էին կազմակերպել:

Իրանի դատական համակարգը կրկին կանդրադառնա մահապատժի դատապարտված կնոջ գործին, սակայն թե երբ դա տեղի կունենա` դեռեւս հստակեցված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG