Սոնա Շահգելդյանն իր հաղթանակը արդար է համարում

Սոնա Շահգելդյանը՝ Հիլդայի հետ

Ծովափնյա Յուրմալայում անցկացված «Նոր Ալիք-2010» երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը 1 միավորով առաջ անցավ ուկրաինացի Տատյանա Շիրկոյից եւ գրավեց առաջին հորիզոնականը:
«Բոլոր երեք երգերը կատարել եմ իմ փոքրիկ խաչը ձեռքումս: Պայքարն ու հաղթանակը արդար էին», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոնան` հավելելով, որ բեմ բարձացել է ինքնավստահ, առանց վախի:

Այս տարի առաջին հանգամ «Նոր ալիք»-ի համար հայաստանյան նախընտրական փուլ էր անցկացվել, ընտրվել էին Սոնա Շահգելդյանն ու Անի Արզումանյանը, իսկ արդեն Մոսկվայում կայացած մրցույթի կիսաեզափակիչ փուլում եզրափակչին մասնակցելու ուղեգիր ստացավ միայն Սոնա Շահգելդյանը:

Մրցույթում առաջին տեղը զբաղեցնողի մրցանակը 50 հազար եվրո է: Սոնա Շահգելդյանը դրա մի մասը պատրաստվում է հատկացնել անօթեւան կենդանիներին` որպես օգնություն, քանի որ կենդանիներ շատ է սիրում, ասուլիսին էր եկել իր շնիկի`Հիլդայի հետ: Երգչուհին արդեն ստացել է մի շարք առաջարկներ` համերգներով հանդես գալու տարբեր երկրներում: Մինչ այդ, նա պատրաստվում է մենահամերգով հանդես գալ Երեւանում:

«Նոր Ալիք» երիտասարդ կատարողների մրցույթը կարեւոր երաժշտական իրադարձություն է համարվում ոչ միայն միջոցառումը հյուրընկալող Լատվիայի, այլ նաեւ Ռուսաստանի, ԱՊՀ-ի եւ մի շարք եվրոպական երկրների համար: Մրցույթին մասնակցում են 16-30 տարեկան երգիչ-երգչուհիները: Այս տարի մրցույթին մասնակցել են 17 երգիչներ 12 երկրներից։