Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է անում ազատ արձակել Անի Գեւորգյանին

Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը անչափ մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի ձերբակալությամբ:

Կազմակերպությունը իր հաղորդագրությունում նշում է, որ երկուշաբթի օրը Երեւանի Ազատության հրապարակի շրջակայքից բերման ենթարկված 17 անձանց թվում եղել են երեք լրագրողներ, որոնցից երկուսը հետագայում ազատ են արձակվել, իսկ Անի Գեւորգյանը ձերբակալվել է:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած տեսանյութը եւ «Հայկական ժամանակ»-ի տնօրեն Աննա Հակոբյանի հաղորդած տեղեկությունները, արժանահավատ չի համարում ոստիկանության պնդումները, թե Անի Գեւորգյանը իրավապահի նկատմամբ բռնություն է կիրառել, եւ կոչ է անում ազատ արձակել լրագրողին: