Ստամբուլում աննախադեպ միջոցառում է անցկացվում նվիրված հայ նահատակների հիշատակին

Թուրքիա -- Թուրք մտավորականների ցույցը Թաքսիմ հրապարակում, Ստամբուլ, 24-ը ապրիլի, 2010թ.

Շաբաթ երեկոյան Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ թուրք մտավորականները եւ արվեստագետները 1915 թվականի զոհերի հիշատակին նվիրված աննախադեպ ցույց անցկացրեցին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում։
Ցույցի նախաձեռնողները հայտնի թուրք մտավորականներ եւ արվեստագետներ էին, ովքեր օրեր առաջ ինտերնետով հայտարարություն էին տարածել, այն վերնագրելով՝ «Սա մեր ցավն է, այս վիշտը բոլորինս է»։

Նախաձեռնության հեղինակները ազգայնականների կողմից սպառնալիքներ էին ստացել, թերեւս դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ շաբաթ երեկոյան Թաքսիմ հրապարակը շրջապատված էր շուրջ 1000 ոստիկաններով։ Բուն բողոքի ակցիային մի քանի հարյուր մարդ էր մասնակցում։ Հավաքվածներից շատերը արտասվում էին։

Միջոցառումը մի քանի անգամ փորձեցին խանգարել ազգայնականների խմբերը, սակայն հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը։

Հավաքվածները նախ դուդուկի հնչյունների ներքո լուռ հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի զոհերի հիշատակին։

Այնուհետեւ հավաքվածներին դիմեց հայտնի արվեստագետ, պարուսույց Զեյնեփ Թամբայը. - «Մենք կոչ ենք անում բոլոր թուրքերին, ովքեր իրենց սրտում զգում են այս մեծ ցավը, խոնարհվել 1915-ի զոհերի հիշատակի առջեւ, որովհետեւ այդ ցավը մեր ցավն է, այս վիշտը բոլորինս է»։

Միջոցառման ավարտին հավաքվածները հնչեցրեցին կոչեր՝ «Հայերի, թուրքերի եւ քրդերի եղբայրություն», «ուս-ուսի՝ ընդդեմ ֆաշիզմի», եւ երթով իջան Իստիկլալ պողոտայով, որտեղ խաղաղ երթը ցրվեց։

Այս օրվա ընթացքում սա նմանօրինակ առաջին միջոցառումը չէր Ստամբուլում, թեեւ աննախադեպ էր մասնակիցների թվով եւ անցկացվում էր Թուրքիայի կարեւորագույն հրապարակներից մեկում՝ Թաքսիմում։

Your browser doesn’t support HTML5

Հայոց ցեղասպանություն-95. Ստամբուլ