Մատչելիության հղումներ

Թուրքիայում մտավորականները կոչ են անում ապրիլի 24-ին ոգեկոչել 1915 թվականի զոհերի հիշատակը


Հայոց ցեղասպանության 95-ամյակին՝ առաջիկա ապրիլի 24-ին, առաջին անգամ թուրք մտավորականները 1915 թվականի զոհերի հիշատակին նվիրված ցույց կանցկացնեն Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակում։

«Սա մեր ցավն է, այս վիշտը բոլորինս է», - պնդել են նրանք նախօրեին ինտերնետում տեղադրված հայտարարության մեջ եւ ընդգծել, - «1915 թվականին, երբ Թուրքիան ընդամենը 13 միլիոն բնակչություն ուներ, այս հողի վրա նաեւ 1.5-2 միլիոն հայ էր ապրում։ Նրանք նպարավաճառներ էին, դերձակներ, ոսկերիչներ, հողագործներ, նրանք մեր դասընկերներն էին, ուսուցիչները, զինվորները, պատգամավորներն ու պատմաբանները։ Նրանք մեր ընկերներն էին, դուռ–դռան մեր հարեւանները, դժվարին պահերին մեզ հետ մեր ցավը կիսողները», - ասված է հայտարարության մեջ, որի տակ շուրջ յոթ տասնյակ թուրք մտավորականներ են ստորագրել։

«1915 թվականի ապրիլի 24-ին նրանց «քշեցին», նրանք այլեւս այստեղ չեն, գերակշիռ մեծամասնությունը այլեւս կենդանի չէ, եւ անգամ նրանց գերեզմանը չկա։ Կա միայն «Մեծ աղետի» մեծ ցավը, որ վերջին 95 տարիների ընթացքում գնալով ավելի ու ավելի է ծանրանում մեր խղճին», - հայտարարել են թուրք մտավորականներն ու կոչ արել բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում զգում են այդ ցավը, ապրիլի 24-ին հավաքվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում՝ «...սեւազգեստ, լուռ, մոմերով եւ ծաղիկներով ոգեկոչելու 1915 թվականի զոհերի հիշատակը, քանի որ այդ ցավը մերն է, եւ բոլորինս է այդ վիշտը»։

Հայտարարության տակ իրենց ստորագրությունն են դրել մի խումբ հայտնի թուրք հասարակական գործիչներ, այդ թվում՝ պրոֆեսոր, վարչապետին կից մարդու իրավունքների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի անդամ Բասքըն Օրանը, իրավապաշտպան Ֆեթիյե Չեթինը, հայտնի պատմաբան Սելիմ Դերինգիլը եւ այլոք:

Ինտերնետային էջում թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով տեղադրված կոչին անցած մի քանի օրերի ընթացքում նաեւ հարյուրավոր մարդիկ են միացել. հայտարարության տակ ստորագրել են բազմաթիվ ուսանողներ, գիտնականներ, լրագրողներ, ընդ որում, ոչ միայն Թուրքիայից, այլեւ՝ արտասահմանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG