Մերձդնեստրում ձերբակալված հայազգի լրագրողի հարազատները դիմել են Արա Աբրահամյանին

Էռնեստ Վարդանյան

Ապրիլի 7-ին դավաճանության ու լրտեսության մեղադրանքով Մերձդնեստրում ձերբակալված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատները օգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմել են Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

«Հայտնի է, որ Մերձդնեստրի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչների դժգոհությունն էր հարուցում այն, որ Էռնեստը համագործակում էր մոլդովական լրատվամիջոցների հետ, մասնակցում Տիրասպոլի եւ Քիշնեւի միջեւ վստահություն ստեղծելուն միտված միջազգային ծրագրերի», - ասված է նամակում:

Լրագրողի հարազատները հիշեցնում են, որ նրա ձերբակալությունը դատապարտել են մի շարք միջազգային լրագրողական կազմակերպություններ. - «Վարդանյանի գործը ստացել է միջազգային մեծ արձագանք: Հարցի շուրջ Մերձդնեստրի նախագահ Սմիռնովի հետ բանակցել է հատուկ այդ նպատակով Տիրասպոլ մեկնած Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպանը: Գործը լուսաբանում են աշխարհի առաջատար լրատվամիջոցները»:

Նշելով, որ իրենց անհանգստացնում է այն, որ «գործի քննությունն ընթանում է խախտումներով», որ Էռնեստին ցայսօր հնարավորություն չի տրվել հանդիպել անկախ փաստաբանի հետ, որ անհանգստացած են նրա առողջական վիճակով՝ լրագրողի հարազատները խնդրում են Արա Աբրահամյանին օգնել, որպեսզի փոխվի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ապահովվի Էռնեստի պաշտպանության իրավունքը՝ իր ընտրած փաստաբանի մասնակցությամբ, ապահովվի բաց դատաքննությունը եւ դրա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերի կատարումը:

Այս շաբաթ ավելի վաղ Վարդանյանի հարազատները նամակով դիմել են նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով միջամտել նրան ազատ արձակելու խնդրով։

Հարցով զբաղվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը՝ Վարդանյանի ծնողների խնդրանքով:

«Հարազատները մտահոգված են այն փաստով, որ, իրենց ասելով, նա հիվանդ է, սնունդը լավ չի կազմակերպված այդ նախնական կալանքի վայրում: Եվ չեն թույլատրում, որ նրա շահերը պաշտպանի իրենց կողմից վարձված պաշտպանը: Ես մի կես ժամ առաջ զանգահարել եմ Տիրասպոլ, օմբուդսմենը տեղում չէր, խոսել եմ աշխատակազմի ղեկավարի հետ, ով, փաստորեն, տեղակալն է: Ինքը ասաց, որ լուծել են սննդի հարցը՝ նորմալ է սնունդը, բուժսպասարկումը ապահովված է: Եվ ասել է, որ մեկի փոխարեն մի քանի դատապաշտպան է պաշտպանելու այդ տղայի շահերը», - երեքշաբթի օրը Ստեփանակերտում հրավիրած ասուլիսում փոխանցել է Յուրի Հայրապետյանը:

Հայրապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում համագործակցության համաձայնագիր է ստորագրվելու Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի մարդու իրավունքների պաշտպանների միջեւ. - «Մենք նախապատրաստվում ենք երկուսով կնքել մի համաձայնագիր, որի համաձայն ես Լեռնային Ղարաբաղում պետք է պաշտպանեմ իրենց քաղաքացիների շահերը, եւ նույնը իրականացնի ինքը՝ մեր հայրենակիցների նկատմամբ»: