ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խոցելի խումբը մնում է երիտասարդությունը

Ամեն րոպե աշխարհում մոտ 9 մարդ վարակվում է ՄԻԱՎ-ով, որ ՁԻԱՀ-ի նախնական փուլն է: 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 831 դեպք, սակայն, ոչ պաշտոնական, բայց կրկին հավաստի տվյալներով` մարդու իմունային անվաբարարության վիրուսով ապրող հիվանդների թիվը Հայաստանում 2300 է:

Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների մեջ գերակշռում են արական սեռի ներակայացուցիչները` կազմելով վարակվածների թվի 73%-ը: 17 երեխա Հայաստանում նույնպես տառապում է իմունային անբավարարության վիրուսով: - «Նրանցից 15-ը այս հիվանդությունը ժառանգել են մորից, եւ պատճառը ծնողի անտեղյալությունն է», - ասում է ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: - «Դա վարակի համաճարակաբանական առանձնահատկություններից է, որ վարակվածը երկարատեւ գաղտնի շրջանում գրեթե ախտաշաններ չի ունենում եւ բժշկի դիմելու պատճառ չունի»:

Բժիշկներն ասում են, որ «ՄԻԱՎ-ը ոչինչ չգիտի ռիսկային խմբերի մասին» եւ կարող է վարակել ցանկացած մասնագիտության, սեռի եւ տարիքի մարդկանց: Ու թեեւ վերջին տարիներին հիվանդությունը հաճախ է հայտնաբերվում մեծահասակների շրջանում,այնուամենայնիվ, «20-րդ դարի ժանտախտի» խոցելի խումբը մնում է երիտասարդությունը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը հուշում է, որ ՄԻԱՎ-ը ՁԻԱՀ դառնալու կանխարգելման միակ միջոցը ժամանակին բուժհետազոտություն անցնելն է, հատկապես երբ նույնիսկ չնչին հավանականություն կա, որ խախտվել են ՄԻԱՎ-ից խուսափելու կանոնները: Սամվել Գրիգորյանի փոխանցմամբ`Հայաստան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հաճախ թափանցում է արտերկրից վերադարձող ամուսինների հետ:

Ի դեպ, ՄԻԱՎ/ՁԻԱհ-ով հիվանդների համար կարեւոր է ոչ միայն ֆիզիկական բուժումը, այլեւ հոգեբանականը: Հայաստանում հիվանդների հանդեպ հանդուրժողականության խնդիր կա: Հաճախ հասարակությունը երես է թեքում վարակված մարդուց` դատապարտելով նրան:

Հայաստանում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ բուժումը անվճար է: Անհրաժեշտ դեղորայքն ու սարքավորումները տրամադրվում են ՄԻԱՎ-ի դեպ պայքարող համաշխարհային կազմակերպությունների կողմից, անմասն չի մնում նաեւ պետությունը: Պայքարի ամենակարեւոր միջոցները, սակայն, մինչեւ այժմ մնում են առողջ ապրելակերպն ու տեղեկացված լինելը: