Ավարտական կուրսում դուրս կմնան ԵՊՀ-ի՞ց

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք

ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից մի քանի ուսանողների սպառնում է բուհից դուրս մնալու վտանգը: Վերահանձնման 4 փուլերը հաղթահարել չկարողացած ուսանողները, ըստ բուհի կանոնակարգի, պիտի լքեն համալսարանը: «Անհաջողակ» ուսանողներն ու նրանց մի քանի տասնյակ ընկերներ որոշել են դասադուլ անել` 5-րդ վերահանձնման հնարավորություն ստանալու համար, եւ պնդում են, որ եթե համալսարանում իրենց կոչը անպատասխան մնա, կդիմեն ԿԳՆ:
Դուրս մնալու ենթակա ուսանողներից մի քանիսը 4-րդ կուրսից են եւ, փաստորեն, կարող են զրկվել բարձրագույն կրթության վկայականից այն ժամանակ, երբ ավարտելուն մնացել է ընդամենը մի քանի ամիս: Ուսանողները պնդում են, որ հարցը ոչ թե իրենց անբավարար գիտելիքներն են, այլ դասախոսի կողմնակալ վերաբերմունքը: Իրենք պահանջում են տալ 5-րդ վերահանձնման իրավունք, ինչը, սակայն, համալսարանի կանոնակարգին հակասում է:

ԵՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը ոչ մի արտասովոր բան չի տեսնում անբավարար գիտելիքների համար ուսանողներին համալսարանից դուրս թողնելու մեջ, ինչն, ըստ նրա, նորություն չէ:
«Մաքլիբերթի»-ի հետ զրույցում գերեթե նույն կարծիքը հայտնեց նաեւ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը:

Առայժմ հստակ հայտնի չէ, թե ով դուրս կմնա բուհից եւ ով կշարունակի ուսումը: Թե’ ուսանողները, թե’ դեկանը սպասում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի որոշմանը: Վերջինիս պաշտոնական դիմումով, նամակով կամ խնդրանքով ուսանողները չեն դիմել, միայն բանավոր խնդրանք են ուղղել անձնական հանդիպման ժամանակ:

Մինչեւ վերջնական պատասխան ստանալը ուսանողները խոստանում են դասադուլ անել համալսարանի բակում`բաղձալի 5-րդ վերահաձնման հնարավորությունը ձեռք բերելու համար: