Երեւանում է Գենադի Խազանովը

Գենադի Խազանով

Երեւանում է ռուսաստանցի հայտնի դերասան, երգիծաբան Գենադի Խազանովը, ով իր «Ես վերհիշում եմ» մոնոներկայացմամբ կբացի «Արմմոնո» թատերական փառատոնը:
Հայ հանդիսատեսին Խազանովը լավ է ճանաչում, իր առաջին քայլերը`դեռ 23 տարեկանում, այստեղ է արել: - «Հայաստանը դարձավ այն տեղը, որտեղ ինձ համար բացվեցին հետագա բեմական գործունեության դարպասները», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խազանովն ու ավելացրեց. «Հիանալի էր հայկական ինտելիգենցիան, որ հրաշալի տիրապետում էր ռուսերենին եւ ընկալում էր ոչ միայն լսած խոսքերը, այլեւ տողերի արանքում գրվածը. դա ամենալավ ու սուր ընկալող հանդիստեսն էր սովետական միության տարածքում»:

65-ամյա դերասանը հիշեց, որ մոտ 10 տարի առաջ` Հայաստան կատարած իր նախորդ այցի ժամանակ, այնքան էլ չէր տպավորվել Հայաստանից: - «Ես շատ էի տխրել, որ Հայաստանը նման դժվար ժամանակաշրջան է ապրում, բայց հիմա տեսնում եմ, որ ամեն ինչ կարգի է բերվել»:

Ռուսական էստրադայից Խազանովը դուրս է եկել ու ցանկություն չունի վերադառնալ, քանի որ, ըստ նրա, այնտեղ ամեն ինչ վաճառվում է: