Մկրտիչ Սափեյանը ազատ արձակվեց

Մկրտիչ Սափեյանը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, Երեւան, 29-ը հունվարի, 2010, «Ազատություն»

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ուրբաթ օրը ազատ արձակվեց 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ձերբակալված եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից երկու տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Սափեյանը:
Սափեյանը ամբողջությամբ կրել է սահմանված պատիժը: Առողջական խնդիրների պատճառով նա անազատության գրեթե ամբողջ շրջանում գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Մինչ Մկրտիչ Սափեյանի դուրս գալը քրեակատարողական հիմնարկի դարպասների մոտ հավաքված էին նրա հարազատները, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտված եւ ազատ արձակված ընկերները, ինչպես նաեւ տասնյակ ցուցարարներ, որոնք նրան դիմավորեցին ծափողջյուններով:

«Անօրեն երկիր է, պիտի նստեինք, բա ինչ պիտի անեինք... Ինչի դուք նստած չե՞ք... Միայն ափսոսում եմ, որ ընկերներիս թողեցի ու դուրս եկա... բայց պիտի պայքարեմ իրենց համար», - քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց Մկրտիչ Սափեյանը` հավաստիացնելով. - «Նորից շարունակելու եմ իմ գործը»:

Նա համոզմունք հայտնեց, որ ինքը եւ եղբայրը` Ժորա Սափեյանը անազատության մեջ են հայտնվել հանրապետության նախագահի որոշմամբ. - «Այստեղ մի մարդ է որոշում, ամեն ինչ էլ ինքն է անում, էլ ո՞վ է անում»:

Դիմավորողների թվում էր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «վրեժխնդրություն» որակեց Սափեյանների նկատմամբ հարուցված գործը` պարզաբանելով. - «Իրենք [իշխանությունները] 2003 թվականից դեռ դասեր ունեին, որ Ռոբերտ Քոչարյանը գրեթե զրոյական ձայներ էր հավաքել Թալինում, եւ դրա հիմնական կազմակերպողը այդ ընտրություններում, ընդդիմությունը ներկայացնողը Սափեյան եղբայրներն էին: Ի սկզբանե չեզոքացրեցին, որ խայտառակ պարտություն չունենան»:

Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի կառույցի ղեկավար Մկրտիչ Սափեյանը, նրա եղբայրը` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի ղեկավար Ժորա Սափեյանը եւ Թալինի բնակիչ Հայկ Գեւորգյանը ձերբակալվել էին 2008 թվականի հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ` Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանի նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով:

Ժորա Սափեյանը Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է երկուեւկես, Հայկ Գեւորգյանը՝ մեկեւկես տարվա ազատազրկման:

Պաշտպանական կողմը մշտապես պնդել է, որ մեղադրանքը անհիմն է, գործը՝ կարճման ենթակա, Սարգիս Կարապետյանը սադրիչ է եղել: Այդուհանդերձ, վերադաս դատարանները անփոփոխ թողեցին ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Your browser doesn’t support HTML5

Մկրտիչ Սափեյանը ազատ արձակվեց